միակ ձին նրան է պատկանում. և այդ մարդը պետք է քուրդ լինի, որովհետև նիզակը քրդի է, բացի դրանից, ձիու ասպազենքը նույնպես քրդական են, և այդ քուրդը պետք է քնած լինի, որովհետև ձիու ոտները շղթայած են, որ հեռու չգնա»։ Իսկույն նրա գլխում ծագեց մի միտք և նա իջավ բլուրի գագաթից ձորի մեջ։
Ձորի միջով վազում էր մի փոքրիկ վտակ, որի եզերքը հովանավորված էին խիտ եղեգնաբույսերով։ Նա թաքնվեց եղեգների մեջ։ Այժմ նա սկսեց աննկատելի կերպով սողալ դեպի այն թուփերը, որոնց մոտ ցցված էր նիզակը։ Օձը իր բոլոր առաձգական դյուրաթեքությամբ չէր կարող այնպես սողալ որպես այդ համարձակ և ճապուկ մարմինը գալարում էր խիտ եղեգնաբույսերի մեջ: Մեղմիկ քամին նույն ժամուն օրորում էր բույսերի գլխիկները, և նրանցից առաջ եկած սոսափյունը խլացնում էր թաքնված դարանակալի սողալուց պատճառված խշշոցը, երբ նա անում էր մի անզգույշ շարժում: Ամեն ինչ հաջողություն էր խոստանում...
Նա արդեն մոտեցավ թուփերին, որոնց մոտ ցցված էր նիզակը։ Այստեղ նա մի քանի քայլ հեռավորության վրա կանգ առեց, և պահպանելով իր առաջին դիրքը, սկսեց եղեգների միջից նայել։ Եվ իրավ, թուփերի հովանու տակ պառկած էր մի մարդ, որ կիսով չափ երևում էր։ Նրա հագուստը ցույց էր տալիս, որ քուրդ է։ Միջօրեին տոթը քշել էր նրան այստեղ հանգստանալու համար։ Արդյոք քնած էր նա, թե արթուն,— դժվար էր գիտենալ, որովհետև քրդի երեսը դարձած էր դեպի հակառակ կողմը, իսկ թիկունքը դեպի ուղևորի կողմը։ Նա ամբողջ մարմնով տարածվել էր խոտերի վրա, որոնք ծավալվելով նրա ծանրության ներքո, կազմել էին խիստ փափուկ օթոց։
Ուղևորը դեռ իր դարանից դիտում էր։ Քրդի արթուն, թե քնած լինելը սաստիկ հետաքրքրում էր նրան։ Եթե պառկած մարդու երեսը դեպի իր կողմը դարձած լիներ, նա կարող էր տեսնել, արդյոք աչքերը փակած էին, թե ոչ։ Ներքին վրդովմունքը սկսեց խռովել նրան և աչքերի մեջ հայտնվեցավ կատաղի բարկություն։ Մտատանջությունը ալեկոծում էր նրան, չգիտեր, թե ինչ պետք էր վճռել։ Ինքը անզեն և մերկ գործ պիտի ունենար մի ոտքից ցգլուխ զինված գազանի հետ։ Բայց պետք էր վերջացնել... Ժամանակը թռչում էր... Ամեն րոպե թանկ էր նրա համար... Բայց ինչո՞վ և ի՞նչպես վերջացնել...
Մինչ նա այդ մտատանջության մեջ էր, նկատեց, որ քուրդը գլուխը վեր բարձրացրեց, նայեց իր շուրջը, նայեց իր ձիու վրա, և