Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխ սև հագնված, ակնոցավոր պարոնի, որ անցնում էր փողոցով, և սկսեցին ոտքով ու ձեռքերով ջարդել։ Երբ բոլորովին հագեցան, շնչասպառ պարոնին թողեցին փոշիների մեջ և անցան, անիծելով.

«Դավաճա՜ն...»։

Երբ Օհանը հասավ այնտեղ, պարոնը տակավին թավալվում էր փողոցի փոշիների մեջ և ամենևին ուժ չուներ կանգնելու։ Ջարդվածին կրկին ջարդելը տմարդություն համարելով, Օհանը նկատեց նրա եվրոպական գլխարկը, որ ընկած էր մի կողմում։ Կոխ տվեց գլխարկը և անցավ, ինքը ևս կրկնելով.

«Դավաճա՜ն...»։

Այդ պարոնը «Ղալաթիո օջախ» կոչված մթին խմբակի անդամներից մեկն էր։

Նրա ծեծվիլը բավական ժամանակ խլեց համալներից, Օհանը միջոց գտավ հասնելու նրանց։

Նրանք այն աստիճան շտապում էին, որ Օհանին անկարելի եղավ մեկի հետ խոսել կամ մեկից հարցնել, թե ո՛ւր են գնում, կամ ինչո՛ւ են այդպես զայրացած։ Ինքն ևս տարվեցավ զայրացած հոսանքի հետ։

Խումբն արդեն գտնվում էր հայոց պատրիարքարանի լուսամուտների ներքև։

Նա մի աղմկալի շրջան գործեց փակված պատրիարքարանի չորեք կողմը և ապա փոթորկի նման մտավ Մայր եկեղեցու բակը։ Այստեղ լցված էր մի խառնիխուռն բազմություն, որի մեծ մասը հայաստանցի մշակներ էին։

«Չե՜նք ուզեր...» գոռում էր բազմությունը և այդ աղաղակը խլացնում էր ամեն ձայն։

«Կուզե՜նք...»։

Լսելի եղավ մի նվաղած ձայն, որ ավելի կատվի մլավյունի նմանություն ուներ։ Ձայնն իսկույն խեղդվեցավ ընդհանուր աղաղակների մեջ։ Մի ծանր ապտակ լռեցրեց կոչողին։ Նա դողդողաց և գլորվեցավ ցած։ Մշակները դուրս տարան ուշաթափ երիտասարդին։

Դա մի նրբակազմ պոլսեցի էր, որ գուցե սանրվելու, օծվելու և պատշաճավոր կերպով հագնելու պատճառով ուշացել էր և չէր կարողացել յուր համար մի հարմար տեղ բռնել, մնացել էր կեղտոտ մշակների մեջ։ Նրանց կոպիտ շփումներն ամեն անգամ սարսափելի ապականություն էին գործում երիտասարդի վայելուչ