Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարկերի մեջ։ Կանայք մի առանձին եռանդով գերեզմանի հողն էին ածում իրանց գոգնոցների և հագուստի դրոշակների մեջ։ Բոլորը մաքրեցին, բոլորը հավաքեցին։ Գերեզմանի հետքն անգամ չմնաց։ Հետո ցնծության աղաղակներով հանդիսավոր թափորը դիմեց դեպի մերձակա գետը։ «Աղանդավորի» ոսկերքը և նրա գերեզմանի փոշին ածեցին գետի մեջ։ Ալիքները ծփացին, գետը շարունակեց իր խաղաղ հոսանքը և կղերի հալածասիրության զոհը ծածկեց իր սառն կոհակների տակ... Այդ — Մովսես Խորենացու մարմնի փշրանքն էր։ Նույն միջոցին, երբ կատարվում էր այդ ամոթալի գործը, մի երիտասարդ աբեղա, միայնակ կանգնած մի բարձրավանդակի վրա, հեռվից նայում էր։ Որպես մարմնացած սրտմտություն, խորին վրդովմունքով նայում էր նա, և նրա դողդոջուն շրթունքներից դուրս էին թռչում հետևյալ խոսքերը.

— Խավարի՜ զավակնե՛ր... մեր նորածին գրականության այդ բազմավաստակ մշակին դուք հալածեցիք նրա ամբողջ կենդանության ժամանակ։ Նրա ծերությունը անցավ ցավերով և դառնությամբ։ Գերեզմանի մեջ միայն նա պետք է հանգստություն գտներ։ Իսկ այդ հանգստությունից ևս ղրկեցիք նրան... Ապագա սերունդը անեծքով և նզովքով կդրոշմե ձեր անիրավ վարմունքը։ Իսկ Նա, որի հիշատակը դուք աշխատեցիք ջնջել աշխարհի երեսից,— Նա հավիտյան անմահ կմնա յուրաքանչյուր հայի սրտում...

Այդ բողոքողը Խորենացու աշակերտ Հուսիկն էր[1]։

  1. Գրելով «Պարույր Հայկազն», մենք թույլ տվեցինք մեզ մի փոքրիկ անախրոնիզմ անել, որպեսզի Պարույրի և Խորենացու ժամանակները մոտեցնենք միմյանց, թեև շատ հեռու չեն: Իսկ պատմական ճշտությունները պահպանեցինք, որքան ներելի է բանաստեղծության մեջ: Մեր աշխատության միայն համառոտությունը ապվեցավ «Աղբյուրի» մեջ, իսկ նրա ընդարձակը կտպվի առանձին գրքույկով:
    Ծանոթ. Հեղ.: