ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Գուցե մենք չէինք ունենա Խորենացու թանկագին պատմությունը, եթե Սահակ Բագրատունին չհորդորեր, չխրախուսեր ծերունի հեղինակին։ Գուցե մենք զրկված կլինեինք Եղիշեի գեղեցիկ գրքից, եթե Մամիկոնյան Դավիթ երեցից նպաստ և քաջալերություն չգտներ նա։ Գուցե, իր ժամանակի մոլեռանդ կղերից հալածված, սովի և աղքատության մատնված Ղազար Փարպեցին չէր կարող գրել իր հիանալի աշխատությունները, եթե Մամիկոնյան Վահան իշխանը չօժանդակեր նրան: Նույնպես և Ագաթանգեղոսը, շատ կարելի է, չթողներ մեզ իր փառավոր պատմությունը, եթե Տրդատ թագավորը չհովանավորեր նրան։
Մեկենասները, որպես մեզ մոտ, նույնպես և ամեն ազգերի մեջ, եղել են միշտ գրականության ծաղկման զորավիգը և աղքատ հեղինակների բարերարները։ Տարակույս չկա, որ շատ տաղանդներ, և մինչև անգամ շատ հանճարներ կարող էին անպտուղ մնալ, կարող էին կենսական հոգսերի ներքո ճնշվել, ոչնչանալ, եթե մեկենասներից օժանդակություն չգտնեին։ Մեկենասները տվեցին հեղինակներին հաց, իսկ հեղինակները տվեցին աշխարհին մտավոր և հոգեկան սնունդ: