Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավատացյալ ժողովրդի սպասավորն է և նրանից ընտրված մի պաշտոնյա, թե իր բոլոր գործունեությունը պետք է նվիրված լինի նույն եկեղեցու սպասավորությանը և բարեկարգությանը,— այդ դեպքում, նա շեղվում է ուղիղ ճանապարհից և ընկնում է մոլորությունների մեջ։ Նա ծառայից դառնում է տեր, սկսում է իշխել և ծառայեցնել, իհարկե, ծառայեցնել իր շահերի համար։ Այդ ժամանակ նա միանում է մարմնավոր իշխանության հետ, որ իրան նույնպես տեր է համարում, և նրա կողմն է բռնում։ Որքան և անկարգ լիներ այդ իշխանությունը, այնքան ավելի նպաստավոր է նրա համար։— Ուրեմն, այլևս ինչո՞ւ ենք զարմանում, որ մեր քաղաքի հոգևոր առաջնորդը միացած է նահանգապետ փաշայի հետ, և ինքն էլ մի կողմից է կեղեքում խեղճ ժողովրդին...

— Ես փաշայի հետ տեսնվեցա,— ասաց Ասլանը,— նա չափազանց խորամանկ մարդ երևաց ինձ։

— Եվ խաբեբա մարդ, — ավելացրեց Հայրիկը։— Ինչպես ամեն թուրք պաշտոնակալ։

Երեկոյան պահուն, երբ օդը փոքր֊ինչ զովացավ, Հայրիկը մեզ տարավ և երկար ման էր ածում իր վանքի շրջակայքում։ Մեծ բավականությամբ ցույց էր տալիս նա այն բոլորը, ինչ որ արել էր և ինչ որ դիտավորություն ուներ անելու։ Այդ եռանդոտ մարդը այն տպավորությունն էր գործում ինձ վրա, որպես մի լավ հողագործ, որին ծանոթ են իր ագարակի բոլոր բույսերը, բոլոր տունկերը, և որը գիտե նրանց բնավորությունը, ուսումնասիրել է նրանց կյանքը, և որը այնքան սիրում է նրանց, որպես մի քնքուշ տիկին սիրում է իր ձեռքով ցանած և իր ձեռքով հասցրած ծաղիկները։ Նա ցույց էր տալիս այս և այն դաշտերը, ասելով, ահա՛ այնտեղ սկսել են տորոնի մշակությունը, այդ առաջին փորձն է մեր կողմերում, որը մեծ արդյունք է խոստանում,— ահա՛ այնտեղ թթենիներ են տնկած, դիտավորություն ունենք շերամապահությունը փորձել։ Խոսում էր գետնախնձորի մշակության մասին, ասելով.

— Գիտե՞ք, պարոն բժշկապետ, մի քանի տարի առաջ գետնախնձորը այստեղ բոլորովին անծանոթ էր. մեր վանքը առաջինը եղավ, որ սկսեց մշակել, և մինչև այսօր մեծ դժվարություններ է կրում գյուղերում տարածելու։ Մեր տերտերները դեռևս չեն լուծել այն հարցը, թե արդյոք գետնախնձորը կարելի է ուտել պահոց օրերում։