Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանվել ճարտարապետի հրաշալի գործը աղավաղված էր։ Լուսամուտների եզերքի գեղեցիկ հյուսվածքը, դռների կամարների սքանչելի դրվագները, սյուների պատուհանների և խոյակների հիանալի քանդակները ըստ մեծի մասին ջարդել ու փշրել էին։

Իմ աչքերը որոնում էին Ջալլադին։ Ես գտա նրան մի մռայլ խորանում, ուր խրված էր մագաղաթների և փոշիների մեջ։ Այդ ինձ շատ զարմացրեց։ Ես այդ լուռումունջ երիտասարդին մինչև անգամ գրագետ չէի համարում, այժմ նա մագաղաթներ էր քրքրում։ Ես գտա նրան ուրախ տրամադրության մեջ, նայում էր մի հին Այսմավուրքի հաստ կազմի վրա։

Մեր հին գրչագրերի կազմերը առհասարակ շինված են լինում փայտից և պատած մաշկով։ Իսկ այդ Այսմավուրքի կազմի մեջ, փայտի փոխարեն, դրել էին միմյանց կպցրած մագաղաթի թերթեր։ Այդ թերթերն էր զգուշությամբ միմյանցից պոկում Ջալլադը, անդադար կրկնելով. «Դուք անհոգ կացեք, հայր սուրբ, ես ոչինչ չեմ փչացնի»։ Հայր սուրբը մոմը ձեռին կանգնած էր նրա մոտ և լուսավորում էր նրա աշխատությությունը։ Հետո դարձավ նա դեպի հայր սուրբը այդ խոսքերով։

— Տեսնո՞ւմ եք, հայր սուրբ, այդ մագաղաթները տախտակի տեղ են բանեցրել կազմի մեջ։

— Տեսնում եմ,— պատասախանեց աբեղան։

— Ավելի լավ չէ՞ր լինի, որ չփչացնեին այդ մագաղաթները։

— Երևի ուրիշ բանի պետք չեն եղել։ Բայց դրանց վրա տառեր են երևում։ Այդ ի՞նչ տառեր են։ Ջհուդի տառերի նման են։

— Ջհուդի տառեր չեն,— պատասխանեց Ջալլալը և շարունակեց իր գործը։

— Դուք ջհուդերեն իմանո՞ւմ եք։

— Իմանում եմ։

Հայր սուրբը զարմացավ։ Ես նույնպես զարմացա։

— Եվ կարդո՞ւմ եք։

— Կարդում եմ։ Եթե թույլ կտայիք, ես այդ Այսմավուրքի կազմը կփոխեի։

— Օրհնած, ի՞նչ հարկ կա փոխելու,— ծիծաղելով պատասխանեց հայր սուրբը։— Մի քանի հարյուր տարի այդ կազմով «յոլա է գնացել», հիմա էլ թող «յոլա գնա»։

Ջալլադը իր միտքը ավելի պարզեց, ասելով, թե շատ շնորհակալ կլիներ, եթե հայր սուրբը թույլ կտար նրան վերառնել կազմի «անպետք» մագաղաթները, այդ կլիներ նրա համար մի