Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն աստիճան թանկագին էին ինձ համար և գրավիչ, որ ես չէի կարող օգուտ չքաղել:

— Շատ ուրախ եմ, պարոն բժշկապետ,— ասաց սրբազանը մի առանձին բարեսրտությամբ,— դուք ինձ մեծ բավականություն կպատճառեիք, եթե որքան ժամանակ այստեղ կմնայիք, շուտ֊շուտ տեսնվեինք, գուցե ես կարող կլինեի ուրիշ ծառայություններով ևս պիտանի լինեք ձեզ։

— Շատ շնորհակալ եմ, սրբազան հայր։

Այդ միջոցին սրբազանը վեր կացավ, մտավ կից սենյակը, մի քանի րոպեից հետո վերադարձավ, ձեռքում բերելով մի օտարոտի բան, որը առաջարկեց Ասլանին, ասելով.

—Դուք ինձ հարգած կլինեիք, եթե հիշատակի համար այդ չնչին նվերը ընդունեիք ինձանից և դասեիք ձեր հավաքած հնությունների կարգում։

Դա փոքրիկ թիակի ձևով մի գործիք էր փղոսկրից շինված։ Նրա կոթը զարդարած էր ամենանուրբ քանդակներով, իսկ գլուխը կնոջ քնքուշ ձեռքի նմանություն ուներ, որի ափի մեջ երևում էին խարտոցի ատամների պես փափուկ խազեր։ Ասլանը ձեռքում բռնած, երկար նայում էր նրա վրա, հետո երեխայի պես ուրախանալով, ասաց.

— Ես այն աստիճան սիրահարված եմ հնությունների վրա, սրբազան հայր, որ եթե դուք չտայիք այդ գեղեցիկ ընծան, ես պատրաստ կլինեի մինչև անգամ գողանալ ձեզանից։

— Իսկ ես ձեր այդ փոքրիկ մեղքը կներեի, որպես հոգևորական,— պատասխանեց սրբազանը նույնպես ուրախանալով։

Ուղիղն ասած, ես էլ չկարողացա զսպել ինձ, սկսեցի ծիծաղել այդ հանաքների վրա։

— Ձեր ընծան որքան հիանալի է, սրբազան հայր,— ասաց Ասլանը,— բայց խոստովանում եմ, որ նույնքան ես վատ հնագետ եմ նրա նշանակությունը հասկանալու համար։ Բացատրեցե՛ք, խնդրեմ, դա ի՞նչ բանի է ծառայում։

— Դա մեր վանական աբեղաների հնարած մի գործիք է կոչվում է «տիրուհի», հենց այդ անվան մեջն է նրա նշանակությունը, որովհետև կատարում է նույն ծառայությունը, ինչ որ տան տիրուհին կատարում է ընտանիքի մեջ։ Հայոց ընտանիքներում դեռ պահպանվել է վաղեմի սովորությունը, որ տան տիրուհին քորում է իր սկեսուրի, սկեսրայրի և մինչև անգամ հարգելի հյուրերի մեջքը, մաժում է նրանց ոտները և հանգստացնում է նրանց