Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և փաշան, և մեր քաղաքի մի քանի նշանավոր անձինք։ Խնդրեմ, դուք ևս հարգեք մեր սեղանը։

— Մեծ ուրախությամբ,— ասաց Ասլանը և մենք դուրս եկանք։

Բակի ղռան մոտ տեսանք քարտուղարին, որ դարան մտած կատվի պես սպասում էր մեզ։

— Դրան պետք է մի բան տալ,— ասեցի Ասլանին։

— Գիտեմ,— ասաց նա, և կանչելով քարտուղարին, դրեց նրա ափի մեջ մի հատ ոսկի։

Քարտուղարը, ի նշան իր շնորհակալության, բռնեց Ասլանի ձիու ասպանդակը, որ նա հեծնե։ Ասլանը մերժեց այդ ցած ծառայությունը, որ վայել չէր նրա աստիճանին։

ճանապարհին ես ասեցի Ասլանին։

— Բավական քաղաքավարի մարդ երևաց ինձ սրբազանը։

— Եվ հիմար մարդ չէ։

Ը

ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ԴՈՒՌԸ

Առաջնորդարանից դուրս գալուց հետո, մենք այլևս չվերադարձանք Այգեստան, որովհետև Ասլանը կամենում էր Ավանց գյուղը գնալ. ծովային աղերի պատրաստությունը տեսնելու համար։ Նա ինձ ասաց, որ ճանապարհը գիտե և առաջնորդի ամենևին կարոտություն չկա։

Մինչև կեսօր դեռ բավական ժամանակ կար։ Մենք դուրս եկանք Իսքալե֊Կափուսի կոչված քաղաքադռնից, որ տանում է դեպի նավահանգիստը։ Այդ պատճառով ևս նա կոչվում է Իսքալե֊Կափուսի, որ նշանակում է նավահանգստի դուռ։ Այստեղից մինչև Ավանց գյուղը, որի մոտ գտնվում էր և նավահանգիստը, կես ժամու ճանապարհ է, բայց մենք զանազան հետազոտությունների պատճառով բավական ուշ հասանք, ճանապարհը ձգվում էր մշակված դաշտերի, ագարակների, այգիների և կանաչազարդ մարգագետինների միջով։ Դա բանու ճանապարհներից մեկն էր, որ, քաղաքից տանում էր դեպի նավահանգիստը։ Խիստ հաճախ պատահում էինք խումբերով ուղևորների, որոնք զարմացած կերպով նայում էին եվրոպացու վրա և, գլուխ տալով, անցնամ էին, ճանապարհի եզերքին շատ անգամ տեսնում էինք մենավոր մարդիկ