արևելքի բոլոր նշանավոր անցքերի մասին տեղեկություններ էր տալիս Սարգիս վարդապետին, որը իր կողմից հաղորդում էր ռուսաց կառավարությանը։ Ղարաբաղի մելիքների բանակցությունները ռուսաց կառավարության հետ կատարվում էին սկզբում Գանձասարի առաջնորդ Եսայի եպիսկոպոսի ձեռքով, իսկ հետո Ներսես եպիսկոպոսի և Դուզախի կառավարիչ մելիք Եգանի ձեռքով։
Երբ ռուսները տիրեցին Դերբենդին և Բաքվին, Ղարաբաղի մելիքները առաջարկում էին Պետրոս մեծին 60,000 զինված մարդիկ, առաջարկում էին իրանց աջակցությունը տիրելու ոչ միայն այժմյան Անդրկովկասը, այլ ամբողջ Ատրպատականը։ Նրանք խնդրում էին միայն մի քանի փորձված օֆիցերներ և 2000 ռուս զինվորներ, որ խոստանում էին իրանց ծախքով պահել։ Միայն թե կարողանային ազատվել պարսից լծից և քրիստոնյա մեծ թագավորի հովանավորության ներքո ունենային իրանց անկախ ինքնավարությունը։ Այդ բոլոր ծառայությունների փոխարեն հայերը ստանում էին միայն ապարդյուն խոստմունքներ և նրանց խորհուրդ էին տալիս դեռևս սպասել:
Բայց հայերի հարաբերությունները ռուսների հետ այն աստիճան ակներև և աշքարա էին դարձել, որ այլևս չէր կարող ծածուկ մնալ պարսից կառավարությունից։ Եվ այդ ավելի կատաղեցնում էր պարսիկներին, երբ պարզ տեսնում էին, որ հայերը առաջնորդում են իրանց թշնամուն` «մոսկոֆների» թագավորին` Պարսկաստանը տիրելու։ Զանազան տեղերում սկսվեցան խիստ հալածանքներ նրանց դեմ։ Երևանի նահանգում մինչև անգամ հրամայվեցավ կոտորել բոլոր հայերին։ Համադանցի Աստվածատուր կաթողիկոսի եռանդոտ միջնորդությունը հազիվ կարողացավ ազատել նրանց։ Նա հանգստացրեց Շահ-Թահմազին բավական գումար նրան ընծա տալով և հավատացնելով, թե ինքը և իր ժողովուրդը ամենևին ապստամբության նպատակներ չունեն և պարսից հավատարիմ հպատակներ են։ Իսկ այդ խոսքերը միայն ժամանակավոր կերպով կարողացան միամտացնել պարսիկներին։ Երբ պարսից կառավարության պատգամավորները հայտնվեցան Ղարաբաղի ապստամբության գլխավորների մոտ, խոստանում էին նրանց առատ փող, ընդարձակ երկրներ և պատիվներ, միայն թե նրանք ցած դնեն իրանց զենքերը և չօգնեն ռուսներին,— այսպես պատասխանեցին հայոց մելիքները. «Մեզ պետք չէ ձեր փողը, երկիրը և պատիվները։ Մեզ ոչինչ պետք չէ։ Մենք ձեզ ճանաչել անգամ չենք կամենում։ Մենք հավաքվել ենք մեծ կայսրի և թագավորի (Պետրոսի) կամքով