Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կկազմվեն։ Շտապել պետք չէ։ Բոլորը կախված է գործի սկզբնական հաջողությունից։ Եթե այս գիշեր աստված կտա ինձ ջարդել Կարա-չոռլուների ցեղը, որ մեզանից մի մղոն հեռավորության վրա է գտնվում,— այնուհետև հաղթությունը մեր կողմը կլինի։ Եվ այն բոլոր անհաշտ, միմյանցից բաժանված, անշարժ ուժերը, որոնց մասին ակնարկեցիր դու, այնուհետև իրանք կգան և կմիանան մեզ հետ։

— Ես չեմ հասկանում, թե ի՞նչ վնաս կլիներ, եթե սկզբից հրավիրեինք նրանց,— խոսեց իշխանը, չհամաձայնվելով Բեկի չափազանց անձնավստահության հետ։— Ես կարծում եմ, քո անունը բավական հաստատ երաշխավորություն կարելի է համարել, որ նրանք չեն մերժի քո հրավերը։

— Դու դեռ անփորձ ես, Ստեփան,— ասաց Բեկը ժպտելով։— Այդ զգույշ, մտածող և իրանց կարծիքով խոհեմ պարոններին,— որ իրանց մելիքներ, տանուտերներ ու բեկեր են կոչում և որոնց յուրաքանչյուրը մի-մի վիճակի տեր է,— լոկ խոսքերով չես կարող համոզել։ Նրանք դարձյալ կմնան իրանց խոհեմության մեջ, որ ուրիշ ոչինչ չէ, բայց միայն մի տեսակ խոհեմ անտարբերություն, ավելի լավ է ասել մի տեսակ խոհեմ մեռելություն։ Նրանց պետք է ցույց տալ շոշափելի փաստ, պետք է ցույց տալ, որ փոքրաթիվ մարդիկներով ևս կարելի է մեծ գործ սկսել, միայն թե պետք է գիտենալ, թե ինչպես սկսել։

Այդ փոքրիկ պատերազմական խորհուրդը տևեց մի քանի ժամ. նրանք երկար խոսում էին, վիճում էին և մի քանի կետերի մեջ միմյանց հետ չէին համաձայնվում։ Վերջը իշխանը հարցրեց.

— Ուրեմն դու վճռել ես հենց ա՞յս գիշեր հարձակում գործել, այն ևս Կարա-չոռլուների վայրենի ցեղի վրա։

— Այո՛, Կարա-չոոլուների վրա։ Վիշապին պետք է գլխից զարկել, ուրիշ կերպ չես սպանի նրան։ Դրա համար ես ընտրեցի այդ բարբարոս ցեղը, որ սարսափի մեջ էր պահել ամբողջ երկիրը։

— Դա խիստ վտանդավոր վստահություն է, եթե չհաջողվի, մենք ամեն ինչ կկորցնենք։

— Իսկ եթե հաջողվի, մենք ամեն ինչ կշահենք։ Վտանգի մեծության հետ կապված է և արդյունքի մեծությունը։

— Գոնե ինձ թույլ տուր հրավիրել մի քանի վստահության արժանի մարդիկ, որոնց ես ի նկատի ունեմ։

— Դու դարձյալ նույնն ես կրկնում, ինչ որ մի քանի րոպե առաջ ասեցիր։ Մեզ պետք չեն այն մարդիկը, որոնց մենք ստիպված