Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կրել ոչ թե վանքի ամբարը, ուր սովորաբար պահվում էին վիճակներից հավաքված յուղը, պանիրը և այլ «պտուղները»— այլ տարան դարսեցին մի ստորերկրյա մառանում, որի դուռը սրբազանը իր ձեռքով բաց արեց։

— Ես կարծում եմ, այժմ մի ամբողջ տարվա համար պաշար կունենանք...— ասաց Խորեն հայր սուրբը, մի առանձին հրճվանքով նայելով այնտեղ դիզված մթերքների վրա։

— Ով գիտե, թե սպառողները շատ կլինեն, գուցե այդ չի բավականանա․․․— պատասխանեց սրբազանը և խորհրդավոր ժպիտը դարձյալ երևաց նրա համակրական դեմքի վրա։

Երբ բոլոր բեռները ներս բերեցին, սրբազանը հրամայեց ջորեպաններին, որ տանեն անասունները հանգստացնեն։ Նրանք հեռացան։ Իսկ ինքը մոտեցավ, սկսեց նոր բերված հակերից մեկը բաց անել, ասելով.

— Տեսնենք, Խորեն հայր սուրբ, ձեր այս անգամ բերած յուղն ու պանիրը ի՞նչ համ ունի։

—Շա՜տ համեղ է, սրբազան,— պատասխանեց Խորեն հայր սուրբը և սկսեց օգնել սրբազանին հակը բաց անելու։

Հակի մեջ հայտնվեցավ ոչ յուղ, ոչ պանիր և ոչ ուրիշ ուտեստներ, այլ դրանց փոխարեն առատ վառոդ և գնդակ, որ լցրած էին կաշյա պարկերի մեջ։ Սրբազանը մեծ բավականությամբ ձեռքերով շոշափում էր այդ մահաբեր մթերքը, որից ամեն մի եկեղեցական սարսափում է։— Օրհնյա՜լ լինիս, Խորեն սուրբ,— ասաց նա, դառնալով դեպի երիտասարդ աբեղան։ — Շա՜տ համեղ է, անչափ շա՜տ համեղ...

Հետո նա կողպեց ստորերկրյա մառանի դուռը, բանալին դրեց գրպանը և դիմեց իր խուցը, Խորեն հայր սուրբին ևս իր մոտ հրավիրելով։

— Ես այս րոպեիս կգամ ձեզ մոտ, սրբազան,— ասաց նա գնալով դեպի իր խուցը.— ինձ պետք է առաջ հագուստս փոխել։

Խորեն հայր սուրբը բոլորովին նորընծա, երիտասարդ աբեղա էր, միջակ հասակով և բավական նուրբ կազմվածքով։ Նրա գեղեցիկ դեմքը կնոջ դեմքի քնքուշ արտահայտությունն ուներ, թեև այժմ բավական այրվել էր արևից, որովհետև մի քանի ամբողջ շաբաթներ ճանապարհորդում էր։ Մտնելով իր խուցը, նա արձակեց զենթերը, մի կողմ դրեց, հետո սկսեց մերկանալ հագուստը, որի մեջ շիրվանաձորցի բեռնակիր գյուղացու էր նմանում։ Վանքի ծառաներից մեկը ջուր բերեց լվացվելու համար։