Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


քաշում,— կստանանք մի օրինավոր սափրիչի արհեստի բոլոր պարագայքը: Մոռացանք հիշել, որ նույն կաշյա գոտիի խորհրդավոր պահարաններից մեկի մեջ կար բավական քանակությամբ բամբակ, որից նա սափրելու միջոցին կպցնում էր ածելիով կտրած տեղերը, որ արյունը դադարի։

Ինչպես աշուղները ըստ մեծի մասին կույր են լինում, այնպես էլ գյուղական սափրիչները կամ կաղ են լինում, կամ սապատող։ Մեր վարպետը վերջին տեսակիցն էր, այն առավելությամբ, որ նա ուներ երկու սապատներ, մեկը մեջքի վրա, մյուսը կուրծքի վրա։ Այդ երկու սապատների միջից, մի փոքրիկ գունդի նման, հազիվ երևում էր նրա գլուխը։ Նա ուներ մի ուրիշ հատկանիշ ևս. սապատողները առհասարակ կարճահասակ են լինում, բայց բնությունը այդ մարդու վերաբերությամբ մի սխալ էր գործել. նա բարձրահասակ էր և իր սապատներով ավելի նմանում էր ուղտի, քան թե մի այլ արարածի։

Երկրորդ ուղևորը երիտասարդ էր. դրան սափրիչը կոչում էր իր աշակերտ, բայց աշակերտ լինելու հասակից շատ մեծ էր նա։ Իր ճանապարհորդական մահակի ծայրին անցուցել էր նա մի փոքրիկ խուրջին և դրել էր ուսի վրա։ Այդ խուրջինի մեջ գտնվում էին նրա վարպետի մյուս պարագայքը՝ զանազան տեսակ սպեղանիներ, որ լցրած էին փայտյա փոքրիկ տուփերի մեջ։ Սափրիչը գիտեր և վիրաբուժական արհեստը։ Նույն խուրջինի մեջ կային և զանազան կտավիք վերքեր փաթաթելու համար։ Բայց նրա աշակերտի քնքուշ կազմվածքը, երեսի և ձեռքի մաքուր կաշին, որ, կարծես, դիտմամբ պատած էր թանձր կեղտով,— ցույց էին տալիս, որ այդ գեղահասակ երիտասարդը ծնված էր ավելի վայելուչ պարապմունքի համար, քան թե բժիշկ-սափրիչի աշակերտ լինել։

Երրորդ ուղևորը մի պնդակազմ երիտասարդ էր. նրա առողջ և զորեղ անդամները ամեն ընդունակություններ ունեին լավ բանվոր լինելու համար։ Մի տոպրակի մեջ լցրած պարագայքից, որ կրած ուներ մեջքի վրա, կարելի էր իսկույն հասկանալ, որ արհեստով նա հյուսն էր։ Տոպրակի մեջ կային մի քանի տեսակ սղոցներ, մեծ և փոքր ուրագներ, շաղափներ և ատաղձագործի այլ գործիքներ։ Դա այն թափառաշրջիկ հյուսներից մեկին էր նմանում, որ գյուղից գյուղ ման են գալիս, շինում են կամ ուղղում են երկրագործական անոթները։

Դեռ արեգակը մայր չէր մտել, նրանք հեռվից տեսան բերդը: