Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ձեռքը կհամբուրեի։ Ամեն մի կին պաշտելի է դառնում, երբ բացի կին լինելուց, մարդ է դառնում, այսինքն կատարում է մարդկություն համար մի լավ բան։ Այն բոլոր կանայքը, որոնց այսօր տոնում է մեր եկեղեցին, կանացիության նեղ սահմանից դուրս եկած, ընդհանուր մարդկային բարության համար գործողներն են եղել: Մեզ համար միևնույն է, թե ի՛նչ տեսակ անցյալ են ունեցել Սառան կամ Փարիշանը։ Թող նրանց անցյալը մռայլոտ լինի, բայց բարի գործը մինչ այն աստիճան պայծառացնում է նրանց ներկան, որ հին մռայլը կորչում է, անհետանում է նոր լուսավորության մեջ։ Մեր տեր Հիսուս Քրիստոսը Մարիամ Մադթաղինացիների ձեռքով ավելի շատ գործեց, քան թե Պողոսի և Պետրոսի ձեռքով։ Աստված հին մեղքը չէ հիշում, երբ մարդ ներկայանում է նրան որևէ առաքինությամբ։

Քահանայի խոսքերը բավական ամաչեցրին Մելիք-Փարսադանյանին, որ նա այնպես անպատկառ կերպով վերաբերվեցավ դեպի Սառան և դեպի Փարիշանը։ Տեր Ավետիքը նույնքան խիստ էր իր քարոզների մեջ, որքան խիստ էր կռվի դաշտում։ Երիտասարդ Բալին ոչ մի խոսք չգտավ նրան պատասխանելու և լուռ կացավ։ իսկ իշխան Շահումյանը հայտնեց, որ ժամանակ է գնալու։

Երեքը միասին դուրս եկան յուզբաշի Սարգսի տանից։ Փողոցների խառնաշփոթ աղմուկը փոքր-ինչ դադարած էր։ Խիստ հազիվ պատահում էին զայրացած խմբեր, որոնք աղաղակներ բարձրացնելով անցնում էին։ Բայց պետք չէ մտածել, որ մահմեդական ամբոխը այդ ժամանակ քնած էր։ Բերդի մեծ մեչիտը լիքն էր աղոթող բազմությունով։ Ամենքը արտասուքը աչքերում աստծուց օգնություն էին խնդրում։ Մոլլաների գլխավորը, խանից առանձին հրահանգներ ստանալով, կանգնած էր ամբիոնի վրա, քարոզում էր, հորդորում էր, գրգռում էր բազմության կատաղի բարկությունը «անհավատների» դեմ։ Այս գիշեր նա ներկայացել էր ժողովրդին բոլորովին այլ կերպարանքով, գլխի սպիտակ չալմայի փոխարեն կրում էր երկաթե սաղավարտ, քարոզչի գավազանի փոխարեն կրում էր երկայն նիզակ, իսկ կրոնավորի բարեպաշտական զգեստի փոխարեն հագած ուներ զրահ: Նա ասում էր, որ դատաստանի օրում բոլորը սև երեսներով կհայտնվեն Մուհամմեդի ատյանում, եթե թույլ կտան գավուրներին ոտք կոխել այն երկրի վրա, որ պատկանում է իսլամի հավատացյալներին։ Իսկ ով որ կկռվի, արյուն կթափի, և մեր սահմաններից կհալածե գավուրներին, նա դատաստանի օրում կներկայանա Մուհամմեդի ատյանում պարզ և պայծառ երեսով: