Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սողալ առանց ոտքը կոտրելու։ Այդպես էլ արեց. բռնեց պատից և զգուշությամբ ցատկեց դեպի ներքև։ Այստեղ մի երեսը բաց շինվածքի մեջ դարսած էին կոտորած, չոր փայտեր, խոհանոցի համար գործ ածելու։ Նա վազեց դեպի այն կողմը, ուր դարսած էին փայտերը։ նստեց կտուրի վրա, գրպանից հանեց աբեթը և կայծհանը, զարկեց քարին, աբեթը վառվեցավ։ Նրանով վառեց քիբրիթը[1], որ իր մոտ ուներ։ Հետո գրպանից հանեց մի կտոր շորի փաթոթ, որ թաթախած էր ձեթով, քիբրիթը դրեց նրա մեջ, մի քանի վայրկյան բռնեց քամու առջև, որ ավելի բոցավառվի, և ապա նետեց փայտակույտի մեջ։ Ինքը իսկույն հեռացավ, վստահ լինելով, որ այնուհետև քամին կշարունակեր նրա սկսած գործը...

Այստեղից կամենում էր նա գնալ ախոռատան կտուրների վրա: Բայց այնտեղ գնալու համար ճանապարհ չկար, որովհետև կտուրները կից չէին, բաժանված էին ախոռատան ընդարձակ բակով։ Մի բարձր, մերկ պատ միայն միացնում էր ախոռատունը խոհանոցի հետ, նրա ետևի կողմից։ Այդ պատի վերին մասը այնքան նեղ էր, որ նրա վրայով ոտքով գնալ անհնարին էր, մանավանդ գիշերային մթության մեջ։ Հեշտ կարելի էր ավելի քան քսան արշին բարձրությունից ցած գլորվել և ջարդուփշուր լինել։ Բայց ո՛չ վտանգը և ո՛չ պատի բարձրությունը չվախեցրին Փարիշանին։ նա սրտոտ աղջիկ էր և հնարագետ: Զգուշությամբ հեծավ պատի վրա, որպես մարդիկ նստում են ձիու վրա։ Սկսեց երկու ձեռքերը դեմ տալով, փոքր առ փոքր առաջ սողալ։ Պատի տարածությունը բավական երկար էր։ Եթե այդ արշավանքը նա կատարեր ցերեկով, շատ կարելի է, որ գլուխը պտույտ գար, աչքերը շաղվեին և վերևից գլորվեր դեպի ցած: Բայց խավարը բավական նպաստում էր նրան։ Որպես մի հմուտ լարախաղաց, սառնասրտությամբ պահպանելով իր հավասարակշռությունը, նա սողալով առաջ էր գնում։ Մի քանի տեղ կանգ առեց, որ փոքր-ինչ հանգստանա։ Ձեռքերի կաշին, անդադար շփվելով անհարթ պատի հետ, կիսով չափ պլոկվեցավ։ Բայց նա ցավ չէր զգում, ինչպես ցավ չեն զգում այն վիրավորները, որ դեռ կռվի ջերմ ոգևորության մեջն են լինում։

Քամին այժմ ավելի սաստկացավ։ Այդ քամին ուրախացնում էր նրան, ոչ միայն այն պատճառով, որ զովացնում էր նրա շառագունած, վառված դեմքը, այլ առավել նրա համար, որ պատի

  1. Քիբրիթ նշ. ծծումբի մեջ թաթախած թելի բարակ պատրույգ, որ հին ժամանակներում գործ էին ածում որպես լուցկի: