Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Կանանոցի կտուրի վրա հավաքված բազմությունից երեքը գաղտնի կերպով բաժանվեցան և մոտեցան տանիքի մեզ ծանոթ փոքրիկ դռանը։ Ընդհանուր խռովության մեջ ոչ ոք չնկատեց նրանց մեկնելը։ Նրանցից մեկը գրպանից հանեց բանալին, բաց արեց փոքրիկ դուռը։ Երեքն էլ ներս մտան, դուռը կրկին փակվեցավ։

— Դուք այստեղ սպասեցեք, ես կգնամ նրան կբերեմ,— հազիվ լսելի ձայնով ասաց նրանցից մեկը։

Երկուսը մնացին դռան մոտ, ներսի կողմից, իսկ երրորդը սկսեց մութ սանդուղքներով ցած իջնել։ Երբ հասավ վերջին աստիճանին, նա կանգնեց և նայում էր դեպի կանանոցի բակը, որը երբեմն լուսավորվում էր հրդեհի բոցերով, իսկ երբեմն խավարը պատում էր, երբ ծխային սև ամպերը ծածկում էին կրակի ճառագայթները։ Նա ընտրեց խավարի այդ վերջին րոպեներից մեկը և արագությամբ վազեց դեպի Զուբեյիդա խանումի սենյակը։ Ներքինի Ասադը այնտեղ չէր, ծերունին իր սղոցի թեփով լցրած բարձը վեր էր առել, և սատանան գիտե, թե որ անկյունում պառկած էր։ Նա մտավ խանումի սենյակը, որը միայնակ նստած էր, գրկած ունենալով իր հիվանդ երեխային, և գտնվում էր մի տեսակ տխուր, ուշակորույս ինքնամոռացության մեջ։ Տեսնելով անծանոթ մարդուն իր սենյակը մտնելիս, տիկինը սթափվեցավ և լալագին ձայնով աղաղակեց.

— Ինչ որ ուզում ես, տա՛ր, ես բոլորը քեզ կտամ, ի սեր աստուծո, երեխային մի՛ սպանիր։

Նա կարծեց, որ անծանոթը Բեկի զինվորներից մեկն էր, մտել էր իր սենյակը կողոպտելու։ Բայց նա մոտենալով տիկնոջը, կամաց շշնջաց.

— Սո՛ւս կաց, մի՛ վախիր, ես եկա քեզ էլ, քո երեխային էլ ազատելու։— Չե՞ս ճանաչում ինձ։ Վերջին խոսքերի ժամանակ նա մի կողմ ձգեց գլխի ահագին մորթե գտակը, և նրա տակից դուրս թափվեցան կանացի երկայն գիսակները։

— Ա՜խ, Փարիշան, դո՞ւ ես,— բացականչեց տիկինը ուրախանալով:— Ո՞րտեղ էիր, ինչո՞ւ ինձ մենակ թողեցիր, ո՞ւր գնացիր։

— Սո՛ւս,— կրկնեց Փարիշանը,— կամաց խոսեցեք, վեր կացեք, վեր կացեք, պատրաստվեցեք, գնանք, քանի որ դեռ ուշ չէ։ Էս հետո կպատմեմ ձեզ, թե որտեղ էի։

— Ո՞ւր գնանք, ինձ ո՞րտեղ ես տանում,— հարցրեց տիկինը շփոթվելով։