Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


իր սրով ետ մղեց նրա զարկը։ Վիթխարին կրկին բարձրացրեց իր սուրը, գազանային կատաղությամբ մռնչելով.

— Հիմա դիմացի՛ր...

Աբեղան մի կողմ թեքվեցավ, իսկ վիթխարիի սուրը դիպելով ծառի ահագին ճյուղին, կտրեց և ցած ձգեց։

Այդ միջոցին երիտասարդ աբեղան իր սուրը խրեց նրա կողքի մեջ։ Հարվածքը թեև սաստիկ էր, բայց վիթխարին, ամենևին ցավ չզգալով, կրկին անգամ հարձակում գործեց։ Նույն րոպեում Սառան վրա վազեց, և ետևից իր խենջարը խրելով հսկայի փորը, ասաց.

— Սատկի՛ր, անպիտան, մինչև ե՞րբ պիտի չարչարես մեզ։

Վիթխարին մի մեծ կոթղի նման ցած գլորվեցավ և մռնչալով փլեց հոդին։

Փախստականները մոտեցան պարտեզի դռանը, որ փակված էր փայտյա վանդակապատով։

— Թողեք, ես դրա բաց անելու ձևը գիտեմ,— ասաց Փարիշանը, ձեռքը տանելով դեպի դռան սողնակը։

Ի՞նչ սատանայական հնարք գործ դրեց նա, հայտնի չէ, բայց սողնակը իսկույն ետ քաշվեցավ, դուռը բացվեցավ, և նրանք դուրս եկան փողոցը։ Այստեղ Փարիշանը հարցրեց իր տիկնոջից,

— Գիտե՞ք նա ով էր։

— Գիտեմ...— ասաց տիկինը և նրա ձայնի մեջ լսելի եղան ուրախության հնչյուններ։

Դուրս գալով փողոցը, փախստականները դիմեցին ուղղակի դեպի հայոց թաղը։ Արշալույսը սկսել էր շառագունիլ, և երկնքի վրա մոխրագույն ամպեր ցոլացնում էին արևի ծագման վաղահաս նշույլները։ Բայց փողոցների մեջ դեռ տիրում էր խավարը։ Շրջակա անտառապատ լեռները այնքան բարձր էին, որ երկար մրցում էին արևի հետ, մինչև թույլ էին տալիս նրա ճառագայթներին մուտք գործել խոր ձորի մեջ թաղված բերդաքաղաքը։

Բերդի բնակիչները գտնվում էին սարսափեի խռովության մեջ: Իսկ անտառային թռչունները սկսել էին իրանց վաղորդյան ուրախ չրկչըկոցը։ Նրանք, կարծես, ծիծաղում էին մարդիկների բարբարոսությունների վրա, կարծես ասում լինեին նրանց. «Տեսեք, մենք որքան ուրախ ենք, որքան երջանիկ ենք, որովհետև միմյանց դեմ ոխ, թշնամություն չունենք, նրա համար, որ բաժանելու էլ ոչինչ չունենք...»։