Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այդպիսի եռանդոտ ոգևորությամբ չէր դիմել դեպի մի ձեռնարկություն, որպես այսօր։ Նա պիտի աշխատեր խափանել հարյուրավոր հայ գերիների ազատությունը, նա պիտի ամեն ջանք գործ դներ մաշել, ոչնչացնել նրանց խանի բանտերի մեջ։ Մելիք Ֆրանգյուլը միևնույն չար դիտավորությունն ուներ, վրեժխնդրության միևնույն ախորժ տրամադրության մեջ էր գտնվում նա։ Դրանք այն տեսակ մարզիկներից էին, որոնց մեծ հաճություն է պատճառում գազանային եղեռնագործությունը, մանավանդ, երբ գործի մեջ խառն էին շահի, փառքի և տիրական նպատակներ․․․

Է

Կանանոցի չադրներից փոքր-ինչ հեռու կազմված էին երկու վրաններ, նրանցից մեկը փառավոր, ընդարձակ և գեղեցիկ էր, իսկ մյուսը փոքր և հասարակ։ Առակջինի բարձր, նիզականման սյուները զարդարված էին ոսկեզօծ և գույնզգույն նկարներով․ ներսը ուներ մի քանի բաժանմունքներ, որ ձևացնում էին մի փոքրիկ պալատ իր բոլոր հարմարություններով։ Այնտեղ կար հյուրանոց, առանձնարան, քնարան, դիվանատուն, գանձարան և այլն։ Բաժանմունքների վայելչության համեմատ, վրանի աստառը պատած էր Քիշմիրի թանկագին շալերով, Սպահանի ոսկեհուռ ղարբաֆներով կամ Հնդկաստանի մետաքսյա նուրբ գործվածքներով։ Հատակը պատած էր Ֆերահանի նախշուն գորգերով։ Թագավորական փառքի վայելչություն ունեցող այդ վրանը դրսից ֆերուզայի միակերպ գույն ուներ և կարված էր Քաշանի ամուր, անթափանցիկ զադաքից։ Նրա միջնասյունի գլխին ծածանվում էր մի կարմիր դրոշակ, որի վրա նկարված էր մի աջ․ դա Աբութալեբի որդի Ալիի զորավոր ձեռքն էր, որ առաջնորդում էր խանին նրա բոլոր հաղթությունների մեջ։ Վրանի առջև ցցված էին մի քանի երկաթյա թառիկներ, որոնց վրա հանդարտ, խոհական կերպարանքով նստած էին որսորդական բազեների ամենաընտիր տեսակները։

Գեղեցիկ թառլանը հպարտ վեհանձնությամբ նայում էր իր շուրջը, կարծես կամենալով ցույց տալ իր պարանոցի թանկագին մանյակը, որ զարդարած էր խոշոր ալմաստներով։ Բոլոր բազեները ունեին այսպիսի մանյակներ և յուրաքանչյուրի արժանավորության համեմատ, զարդարած էին գույնզգույն գոհարներով։ Նրանց ոտներին կապած էին ոսկյա փոքրիկ բոժոժներ, որոնք ամեն մի