Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կարող է փոքր-ինչ սպասել, մինչև կվերկենա։ Նա դարձյալ շտապեցրեց ինձ, ասելով, թե սաստիկ ստիպողական գործ ունի, սպասել կարող չէ, պետք է հենց այս րոպեիս տեսնե: Ես ստիպվեցա գնալ խանին զարթեցնել։ Նա ընդունեց մելիքին իր քնարանում, առանց հագնվելու, ինքը անկողնում պառկած։ Հետո դռները ներսից կողպեցին և առանձնացան։

— Ի՞նչ բանի վրա էին խոսում։

— Նախասենյակի դռներն անգամ կողպել էին, անկարելի էր մի բառ անգամ լսել։ Բայց առանց լսելու ևս ես գիտեմ, թե ինչ խորհրդով է եկել մելիքը։

— Ի՞նչ խորհրդով է եկել։

— Թորոս իշխանը զորքով գալու է խանի վրա. մելիքը եկել է նրան իմացում տալու, որ իրանք էլ զորքերի պատրաստություն տեսնեն իշխանի առաջը առնելու համար։

— Այդ դուք ո՞րտեղից եք իմանում։

— Իմանում եմ, հաստատ տեղեկություններ ունեմ, տիկին։

— Թորոսի հետ այլևս ովքե՞ր կան։

— Իշխան Ստեփաննոս Շահումյանը։

Այդ անունը լսելու ժամանակ տիկնոջ տխրամած դեմքը նկատելի կերպով պայծառացավ։ Բայց նա իր ուրախությունը թաքցնելու համար խոսքը փոխեց, հարցնելով.

— Կռիվներից ի՞նչ եք լսում:

— Բեկը ամեն տեղ հաջողություններ ունի. Զեվու բերդը բոլորովին ոչնչացրած է. մեր երկրի ամրությունները մինը մյուսից հետո ընկնում են նրա զորության առջև,— ասաց ծերունին մի առանձին ոգևորությամբ, հետո սկսեց մանրամասնաբար պատմել Ասլամազ-Կուլի խանի աղետավոր վախճանը և Բեկի այլ հաղթությունները։

— Այդ բոլորը շատ ուրախալի է,— ասաց տիկինը ծերունու պատմությունը հաճությամբ լսելուց հետո։— Բայց պետք է մի կերպով իմանալ, թե այդ չարագործը ի՞նչ սատանայական որոգայթներ լարելու համար է եկել։

— Ես ձեզանից ավելի հետաքրքիր եմ, տիկին,— պատասխանեց ծերունին:

— Մելիքի գնալուց հետո ուշադիր եղեք, թե ինչ կարգադրություններ կանե խանը։

— Ես քայլ առ քայլ կհետևեմ նրա գործողություններին:

— Հիմա կարող եք գնալ, ես ձեզ ուշացնում եմ։