Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ԼԲ

Եթե այսօր ճանապարհորդը «Կարմիր վանքի» (Երիցակա վանքի) բարձրավանդակից կցանկանա իջնել դեպի արևմտյան կողմի ձորը և չի վախենա պարսպի նման ուղղաձիգ ապառաժներից գլորվել դեպի իր առջևը բացվող խորին անդունդը, այլ սարսափելի քարափների կուրծքը քերելով, և վայրենի մացառներից, թուփերից բռնելով, կամաց- կամաց ցած կիջնե, նա կգտնե քարափի սրտի մեջ մի նեղ, բնական քարանձավ, հովանավորված սաղարթախիտ ծառերով։ Այդ քարանձավի մուտքը այժմ փակված է հասարակ փայտյա դռնով. նրա մեջ կա մի մոռացված գերեզեման, որին խիստ սակավ անգամ ուխտավորները գալիս են այցելություն գործելու:

Եթե հարցնելու լինես Արծվանիկի գյուղացիներից, թե այդ ում գերեզմանն է, ինչու է այդ քարանձավը ուխտատեղի դարձել, — նրանք քեզ այսքանը միայն կարող են պատասխանել, թե այդ այրի մեջ մի ժամանակ մի ճգնավոր էր բնակվում, երբ նա մեռավ, թաղեցին հենց իր ճգնարանում. նա շատ սուրբ մարդ էր, դրա համար էլ ժողովուրոը պաշտում է նրան։

Դավիթ Բեկի ապստամբության օրերում այդ ճգնավորը դեռ կենդանի էր, բնակվում էր միևնույն այրում։ Այրը ուրիշ լուսամուտ չուներ. դռան մեջ վերևի կողմից բացվում էր մի քառակուսի ծակ, որից լույսը ներս էր թափանցում։ Այդ բնակարանը, որ բնությունը ստեղծել էր գազանների համար, այժմ ծառայում էր որպես ճգնարան մի մենակյացի, որի արտաքին տեսքը նույնքան սարսափ էր ազդում, որքան վայրենացած մարդու կերպարանքը։

Առավոտը լուսանալու մոտ էր, բայց նա դեռ քնած էր։ Նրա պարզ անկողինը կազմված էր չորացրած, փափուկ խոտերից, որոնց վրա պառկել էր նա. բարձի փոխարեն գլխի տակ դրել էր իր թևքը, իսկ վերմակի փոխարեն իր վրա ծածկած ուներ մի ահագին վագրի մորթի։ Ամեն առավոտ, այդ ժամանակը զարթած էր լինում նա, կատարելու իր վաղորդյան աղոթքը, իսկ այս առավոտ