Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մնացին երկու կրակների մեջտեղում։ Մի կողմից պարսիկները, իսկ մյուս կողմից` մելիք Ֆրանգյուլը իր նման հայերով...

Կոտորածը դեռ շարունակվում էր, մինչև գիշերային խավարը բոլորովին պատեց կռվի դաշտը:

Ինքը Ֆաթալի խանը վերք ստացավ. նրա եղբայր Աղասի խանը սպանվեցավ: Սպանվեցավ և հայոց զորքերի գլխավոր հրամանատարը` Թորոս իշխանը։ Այդ հզոր առյուծի ամբողջ մարմինը պատած էր վերքերով, բայց դեռ կռվում էր։ Նա ընկավ քաջի և հերոսի մահով։

Հայոց մյուս զորապետներից Մելիք֊Փարսադանյան Բալին վերք ստացավ պարանոցի վրա (դրան տեսանք մենք)։ Իշխան Ստեփաննոս Շահումյանը գերի բռնվեցավ։ Նրա ձին գնդակահար լինելով, ցած ընկավ և տակով արեց իշխանին. այդ միջոցին պարսիկները վրա հասան և գերեցին նրան։ Զորապետներից ազատվեցավ Մելիք-Նուբարը, որը միայն հազար և չորս հարյուր հայ զինվորների հետ ողջ մնաց սարսափելի կոտորածից...[1]

  1. «Բայց Մէլիք-Ֆրանգուլին Երիցվանիկ (Արծրուանիկ) աւանին, որ և ասք Կարմիր-վանք և կողմանս Բարգիւշատայ, գրեաց առ Թորոսն այսպէս... (Նամակի օրինակը մենք թողեցինք): Այլ զայս ամենան անօրէն մտօք, նենգաւոր խորհրդով գրէր, զի ի ծուղակս թշամւոյն զնա անկանիցէր, առ ի հաւատարաիմ ցուցանել զինքն Սուլթանին (Ֆաթալի-խանին): Եվ ոչինչ փոյթ եղել նման լինելն անհավատարիմ, նենգաւոր, թշնամի աստուծոյ իւրոյ, ժողովուրդեանն մատնիչ է սատակիչ... Եւ հավատաց Թորոս բանից նորա, և ել գնաց միամտութեամբ եւ եհաւ ի յԵղեվարդ, որ է ի սահմանս Բարգիւշատայ ինքն և ամենայն զօրք իւր, է բանակեցաւ անդ: Եվ եկն առ նա Ֆրանգիւյն հազարաւ, և եկաց ի մի կողմն Թորոսին: Եհաս անդր եւ Բաթալի Սուլթանն (Ֆաթալի-խանը) և եղբայր նորին Աղասի խանն բազում զորօք, քան որչափ էր ընդ Թորոսին, կրկնապատիկ, եւ եռապատիկ, եւ առաւել եւս իբրու ութսուն հազար: Եվ իբրև ճակատեցան ընդդէմ իրերաց զօրքն Սուլթանին և զօրքն Թորոսին, զօրքն Սուլթանին փախստեալ լինէին, և սոքա դհետ լինէին նոցա: Եվ մինչդեռ վանեալս առաջի տանէին զնոսա, անօրէն Ֆրանգիւյն զարս արձակէր զկնի Սուլթանին. և ասե, զի՞նչ գործէք, զիա՞րդ փախչիք, դարձարո՛ւք ի կրունկս, զի ահա ես ընդ ձեզ եմ, դուք ի յառաջոյ, եւ ես զկնի սոցա, խորտակեցուք զնոսա: Եւ արարին այնպէս, և պաշարեցին զզօրսն Թորոսին ի հառաջոյ, եւ զկնի, եւ սկսան կոտորել, եւ զԹորոս սպանին, եւ միայն հազար չորեքհարիւր արք զերծեալ ի նոցանէ անկան ի Չաւնդուբ, և մնացեալքն ամենեքեան անկան անդ: Ահա զայսպիս մեծ անօրենութիւն գործեաց ֆրանգիւյն, և ոչ այսչափ միայն, այլ և առաւել հաճոյանալոյ վասն Սուլթանին, և ցուցանելոյ հավատարիմ զինքն, ուրացաւ նաեւ զհաւատսն»: Պատմ. Դաւիթ-բէկի Եր. 22, 23, 24: