Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քին պատերազմը, ընդհանրականից դարձավ մասնավոր-ընտանեկան։ Որդին ապստամբվեցավ հոր դեմ, հայրը սկսեց խողխողել յուր զավակներին։ Մայրը մերժեց որդուն յուր գութն ու սերը, իսկ որդին այլևս պատիվ չդրեց մոր երախտիքներին։ Լացն ոс կոծը, արտասուքն ու անլռելի հառաչանքը եղավ վիճակը այն թշվառ գերդաստանների, ուր թագավորում էր մշտական սեր և երջանկություն...

Հիվանդը դարձյալ ձեռքը տարավ դեպի սառն օշարակը, զովացրեց բորբոքվող կոկորդը։ Ծերունի զինվորը շարունակեց.

— Այսպիսի մի երկպառակություն ընկավ և՛ Արծրունյաց խաղաղ գերդաստանի մեջ, ո՛վ քաջդ Մերուժան։ Դու, իհարկե, չես մոռացել այն աղետալի ընդունելությունը, որ ցույց տվին քեզ քո քաղաքացիները, երբ մտար Հադամակերտ և մոտեցար քո նախահարց տան պատկառելի շեմքերին։ Քո մայրը քո հոր դռները փակեց քո առջև։ Քո կինը երեսը շուռ տվեց քեզանից։ Քո զավակները ասացին քեզ` դու մեր հայրը չես։ Եվ դու կորագլուխ ետ դարձար ա՛յն հինավուրց տան շեմքից, որի տերն էիր և իշխանը։ Քո ընտանիքը նայեց քո ետևից, և արտասվեց... Նա նայեց քո ետևից, որպես սգավոր րարեկպմներն ու տոհմայինները նայում են գերեզմանը դրվող դագաղի ետևից... Ածվում է հողը և մթին ղուբը հավիտյան ծածկում է հանգուցյալին յուր սիրելիների աչքերից... Քեզ նույնպես մեռած և թաղված համարեց քո ընտանիքը, ով քաջդ Մերուժան։ Մեռա՜ծ բարոյապես, մեռա՜ծ հոգեպես... Եվ այդ էր այն սգավորության պատճառը, որով ծածկված էր ամբողջ Հադամակերտը։ Դռները պատած էին սև պաստառներով, պատերից քարշ էին ընկած սև դրոշակներ։ Դու մեռած էիր և քո քաղաքացիների համար։ Դու ուրացել էիր ա՛յն սուրբ կրոնը, որ պաշտում էին քո հայրերը։ Դու թշնամացել էիր ա՛յն եկեղեցու հետ, որի փրկարար ավազանից ծնունդ էիր առել։ Դու դավաճանել էիր ա՛յն հայրենիքին, որի հաստատության համար քո հայրերը արյուն էին թափել։ Այո', դու կորա՜ծ էիր քո ընտանիքի և քո քաղաքացիների համար: Բայց թեզ չծածկեց նրանց աչքերից ո՛չ հողը և ո՛չ գերեզմանի մթությունը, այլ այն ամոթը, այն նախատինքը, և այն անջնջելի արատը, որով ծածկված էիր դու, և որով ծածկեցիր Արծրունիների պայծառ անունը...

Նա ձեռքը տարավ դեպի կնճիռներով պատած ճակատը, շփեց թավամազ հոնքերը, որ, կարծես թե, խանգարում էին նրա բոցավառ աչքերի կրակը, և ապա շարունակեց.