Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանր գործերի վրա։ Նա գոհ էր, եթե իրան հանգիստ կթողնեին ավելի խոշոր բաների վրա մտածելու համար։ Այդ պատճառով նրա քարի դեմքը, որ մի րոպե առաջ փոքր–ինչ խոժոռվեցավ, կրկին իր սովորական պարզ արտահայտությունն ստացավ, երբ աղմուկը ու խռովությունը դադարեց։

Թինան և Դարոն, երեխայի նման մոռանալով իրանց կերած ծեծը, մոռանալով միմյանց ծամերը քաշքշելը, այժմ հաշտ, ուրախ, ժպտալով ու ծիծաղելով, և միմյանց հետ քաղցրիկ խոսքեր խոսելով, փետրահան էին անում փասիանները։ Երևի դրանց սրտերը ոխակալության ծանոթ չէին, երևի դրանք չգիտեին, թե ի՞նչ բան է վիրավորանքը։

– Թինա, ցավդ առնեմ,– ասում էր Դարոն, հոնքերի շարժվածքով ցույց տալով Աղասու վրա,– այդ մարդը ո՞րտեղից է եկել։– Մտիկ տուր, ի՞նչ սիրուն բեղեր ունի։

– Աչքերը ավելի սիրուն են,– հազիվ լսելի ձայնով նկատում էր Թինան,– ով գիտե, որքան շատ ճորտեր կունենա դա։

– Դրա համար էլ մեր աղան այսպես պատիվ է տալիս, իր մոտ է նստեցնում։ Երևում է, ազնվական մարդ է. մեր թավաների մեջ այս տեսակ տղամարդիկ շատ քիչ կան։ Տեսնո՞ւմ ես, ինչ լավ հագնված է,– ասաց Դարոն մի առանձին հոգեզմայլությամբ։

Թեև Աղասու հագուստը բաղկացած էր ղադաքե արխալուղից և Սյունյաց երկրում գործված, հասարակ շալե չուխայից, բայց այդ գրավում էր երկու մանկահասակ կնիկների ուշադրությունը որովհետև իրանց երկրում ճորտերի տեր թավադներն անգամ այսպիսի հագուստ հագնում էին միայն հանդիսավոր օրերում։

Նրանք մաքրեցին փասիանները փետուրներից, լվացին, իստակեցին, հետո պտուտակավոր շամփուրների վրա խրելով, քարշ տվեցին կրակի վրա։ Շամփուրները կախված էին առաստաղից քարշ ընկած շղթայից, և պտտվելով կամաց-կամաց խորովում էին փասիանները։

Դարոյի և Թինայի մի քանի րոպե առաջ կատաղած սկեսուրը, Քեթևանը, այժմ բավական բարի դեմք ընդունելով, զբաղված էր կերակուրների կաթսաներով, որոնք նույնպես քարշ էին ընկած առաստաղի շղթաներից խարույկի վրա։ Կերակուրները կաթսաների մեջ մի առանձին մելամաղձական ձայնով բըխբըխկում էին, տարածելով իրանց շուրջը խիստ ախորժելի հոտ։ Մի քանի չափահաս աղջիկներ անդադար դուրս էին գալիս և ներս մտնում, կատարելով