Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա ավելի գոհ կլիներ, թե այս գիշեր իրան հանգիստ թողնեին իր մտքերի հետ զբաղվելու համար։

Բայց պառավ Քեթևանը, չհամբերելով, հարցրեց․

– Ո՞վքեր պիտի գան։

– Գրողները, որ հոգիդ առնեն, քավթառ,– պատասխանեց նա ծիծաղելով։– Համբերություն ունեցիր, հիմա կտեսնես սոված գայլերի նման ներս կթափվեն։

Բայց ինքը վիթխարին, չկարողանալով համբերել, վեր կացավ, որ տեսնե, թե ինչու ուշացան հյուրերը։ Բեկը մտածելով, որ նոր անկարգաթյուններ կարող են պատահել, հրամայեց ծառաներին, որ շներին կապեն։

– Պետք չէ,– ասաց նա։– «շունը շան միս շի ուտի»...– և դուրս եկավ սենյակից։

Վիթխարիի հեռանալուց հետո Աղասին հարցրեց Բեկից.

– Այդ մարդը գի՞ժ է, ի՞նչ է։

– Ոչ, նա մի չափազանց բարի և անկեղծ մարդ է,– ասաց նրան Բեկը։

Բայինդուր իշխանը, պարսից թագավորից «բաթման-ղլիճ» տիտղոսը կրող հսկան, բնիկ սյուների էր, ազգով հայ։ Նա քառասունևհինգ տարեկան հազիվ կլիներ: Բայց թափառական կյանքը մի կողմից, որ նա վարել էր երբեմն պարսից, երբեմն տաճկաց ծառայության մեջ, իսկ աղմկալի և արկածներով լի կյանքի դառնությունները մյուս կողմից, պատել էին նրա գլուխը վաղահաս ալիքներով, որ բոլորովին չէին համապատասխանում նրա ուրախ, մշտազվարթ դեմքին, որը տակավին պահպանել էր իր երիտասարդական թարմությունը։ Դեռ Վրաստան չեկած, Բայինդուր իշխանը, որպես զորապետ, ծառայում էր Ատրպատականի պարսից փոխարքայի մոտ և շատ սիրված ու հարգված էր նրանից։ Բայց նրա սիրային հարաբերությունները փոխարքայի հարեմական կնիկներից մեկի հետ առիթ տվեցին նրան թողնել Թավրիզը և հեռանալ դեպի Վրաստան։ Այստեղ գտավ նա Դավիթ Բեկից պաշտպանություն և նրա ձեռնտվությամբ հաջողվեց վրաց ծառայության մեջ մտնել։

Առհասարակ ամեն դարերի ընթացքում, երբ հայոց քաջերից մեկը կամ հունաց, կամ պարսից, կամ արաբացոց, կամ վրաց ծառայության մեջ հաջողություն է գտել, հռչակ և նշանակություն է ստացել, բարձր աստիճանների է հասել, այնուհետև փոքր առ փոքր խմբվել են նրա շուրջը ուրիշ շատ հայեր, որոնք իրանց ագգակցի մոտ որևիցե պաշտոն գտնելու փափագով դիմել են նրան և մնացել