գլուխն էր կտրում, իսկ դու, մեծ պապի պստիկ զավակ, մի փոքրիկ հորթի վիզն անգամ կտրելու շնորհք չունես։
Ես իմ թուրը կարող եմ և գոմեշի վզի վրա փորձել,– պատասխանում էր վիրավորված Զաքարիան, ձեռքը դեպի սուրը տանելով։– Դավիթ, հրամայեցեք ձեր ախոռատնից դուրս բերեն մի գոմեշ, ես հենց այս րոպեիս ցույց կտամ իմ հունարը, թող պարսից շահնշահի «բաթմահ-ղլիճը» տեսնե, որ մեծ պապի պստիկ զավակը այնքան պստիկ չէ, որքան նա կարծում է։
Բեկը նկատելով, որ այդ վեճը կարող էր շատ հեռու տանել նրանց, երկուսին էլ հանգստացրեց, ասելով.
– Քեֆի ժամանակ սրի փորձ չեն անում, այդ կարող ենք. թողնել առավոտյան, եթե կամենում եք անպատճառ հրապարակի վրա ձեր հունարը ցույց տալ։
Հետո նա դարձավ դեպի պաոավ Քեթևանը, պատվիրելով, որ մի երկու դառը մորթել տա Զաքաըիա իշխանի ախորժակը գոհացնելու համար։
Դրսից ծառաների, սպասավորների ուրախության աղաղակները բոլորովին խլացնում էին հյուրերի խոսակցությունը։ Նրանց սեղանը ավելի ճոխ էր և գինին ավելի առատ։ Նրանք շուտով իրանց համար զուռնա ու սազանդարներ բերել տվեցին, սկսեցին ածել, երգել և պար գար ծառաների այդ հանդուգն մրցությունը, կարծես, գրգռեց Բայինդուր իշխանի նախանձը, որը սեղանից վեր բարձրացավ, ձայն տալով.
– Պա՛ր, պա՛ր, Բայինդուր իշխանը պար է ուզում։
Պարսից շահնշահի «բաթման–ղլիճի» որոտացող ձայնը բավական էր տան կնիկների ուշադրությունը դարձնել զվարճության այդ եղանակի վրա, որ հենց իրանց ցանկությունն էր, որի մասին մի թեթև ակնարկության էին սպասում։ Թինան ժպտելով մոտեցավ, վեր առեց պատից կախ տված դայիրան, իսկ Դարոն ցած բերեց նույն տեղից քարշ ընկած խեցեղեն թմբուկները, մինը մեծ, մյուսը փոքր, որոնք կապած էին միմյանց սիրիմներով[1]։ Նա տվեց թմբուկները մի փոքրիկ աղջկա ձեռքը, որը գրկելով, կանգնեց նրա հանդեպ։ Աշուղն էլ իր պարկապզուկը սարքելով, կանգնեց նրանց մոտ։ Երաժշտական խումբը կազմվեցավ, մնում էին պարողները։ Այդ միջոցին Սոփիոն, Փեփելոն և Նինոն շարվեցան միմյանց մոտ, և յուրաքանչյուրը անհամբերությամբ սպասում էր իր հերթին, որ
- ↑ Սիրիմ նշանակ է կաշյա բարակ փոկ։