Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ կատարելով, հատակի վրա գոյացավ մոխրի բավական թանձր խավ, որ ծծեց իր մեջ գետնի խոնավությունը։ Հետո տանտիկինը տարածեց նրա վրա մի փսիաթ և փսիաթի վրա մի կապերտ։ Հյուրի օթոցը արդեն պատրաստ էր։ Չնայելով այս բոլոր աշխատություններին, իշխանը չկամեցավ իջնել իր սնդուկից, ասելով, որ այնտեղ էլ լավ է։ Կապերտի վրա նստեց Հարունը։ Կինը դեռ պտույտ էր գալիս այս կողմ և այն կողմ, ինքն էլ չիմանալով, թե ինչ պետք է անել։ Ամենագլխավոր հոգսը, որ մնացել էր նրան, այն էր, որ պետք էր ոտները լվանալ։ Բայց այդ մասին չմտածեց նա, միայն հագուստի ներքի փեշերը ցած թողեց, մերկ սրունքները ծածկվեցան, և այնպես ցեխոտ ոտներով մոտեցավ, նստեց իր երեխաների մոտ, որոնցից մեկը պառկած տեղից գլուխը վեր բարձրացնելով սկսեց լալ։ Մայրը նրան հանգստացնելու համար մի սաստիկ ապտակ տվեց երեսին։ Երեխան ավելի ևս խստացրեց աղաղակը։ Նրա ձայնից մյուսն էլ զարթնեց, և առանց գիտենալու պատահածը, սկսեց ձայնակցել իր եղբորը։

– Նրան էլ, նրան էլ...– ասաց հայրը։

Մայրը մյուսին էլ խրատեց իր ապտակով։

Իշխանը տհաճությամբ սպասում էր, որ երեխաները իրանց ձայնը կտրեն, որ կարողանա խոսել տանտիրոջ հետ։ Այդ միջոցին մայրը գլուխը խոնարհեցրեց, հայտնի չէ, ինչ փսփսաց երեխաների ականջին, երկուսն էլ իսկույն լռեցին։ Նրանք, իրանց երկչոտ աչքերը լայն բացելով, նայեցին օտարական հյուրի երեսին և սատանայի նման մտան վերմակի տակը, կրկին պառկեցին։

– Ես քեզ մոտ գործով եմ եկել, Հարուն,– խոսեց իշխանը։

– Տապանակ ուխտին թող ինձ կուրացնե, եթե սուտ եմ ասում,– մի սև փող էլ չունեմ,– պատասխանեց հրեան, կարծելով, թե եկել է փող խնդրելու։

– Ես եմ բերել փող քեզ տալու համար,– իշխանը կտրեց նրա խոսքը։

Հարունի կնճռած դեմքը պարզվեցավ․ նրա աչքերում փայլեց մի տեսակ լույս, որ կարելի է տեսնել քաղցած գայլի աչքերում միայն։

– Ինձ պետք են մի քանի կնիքներ, Հարուն, և դրա համար ես քեզ առատ կվարձատրեմ։

– Հարունը ձեր ծառան է, աղա, Հարունը մի՞թե փող կառնե