Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկված էին կապույտ գույնով և ոչ վարդագույն, որ միայն մեծ պարոնը իրավունք ուներ գործ ածել իր անասունների վրա[1]։ Դրանցից հետո, նույնպես հանդիսավոր կերպով, բերում էին մեծ պարոնի մեծ շունը, դարձյալ շղթայով կապած և շղթայի երկու ծայրերը երկու մարդիկ բռնած։ Շան ճակատը, պոչը, թաթիկները և մարմնի վրա տեղ-տեղ ներկված էին նույնպես վարդի գույնով։ Նրանից հետո նույն փառքով բերում էին Լևան թավադի որդու շունը։ Հետո երկու ծառաներ գրկած բերում էին Զաքարա և Ալեքսի թավադի որդիների աքաղաղները, որոնց խայտաբղետ փետուրները, բացի իրանց բնական գույներից, ներկված էին և արհեստական գույներով։ Աքաղաղների պարանոցից մի-մի փոքրիկ բոժոժներ էին կախված։ Հետո երկու ուրիշ սպասավորներ, ձեռքերից քարշ տված, տանում էին երկու վանդակներ, որոնց մեջ մի-մի կաքավներ էին դրած։ Վանդակները ամեն կողմից ծածկված էին անթափանցիկ կտավով։ Դրանցից հետո երկու ուրիշ սպասավորներ տանում էին երկու ուրիշ փոքրիկ վանդակներ, որոնց մեջ մի-մի լոր էր դրած։ Այդ վանդակները նույնպես ծածկված էին անթափանցիկ կտավով։ Պետք է նկատել, թե խոյերի, թե շների և թե աքաղաղների աչքերը, բոլորինն էլ կապած էին կտավով։ Այդ նրա համար էր, որ միմյանց չտեսնեն, որ միմյանց հետ չընտելանան, որ նրանց աչքերը հանկարծ բաց անեն այն Ժամանակ, երբ պիտի բաց թողնեին միմյանց հետ կռվելու։

Խոյերից, շներից աքաղաղներից, կաքավներից ու լորերից հետո գալիս էր մեծ պարոնը իր սև նժույգի վրա նստած։ Նրան հետևում էին թիկնապահները և ազնվականությունը։ Բոլորն էլ ձիավորված էին։

Երբ այդ հանդիսավոր պրոցեսսիան անց էր կենում, երբ բազմաթիվ զուռնաներն ու նաղարաները որոտում էին և երբ խառնաշփոթ ամբոխը ամեն կողմից վայրենի աղաղակներով վրա էր թափվում, այդ միջոցում հանդիսականներից մի մարդ մոտեցավ մեծ պարոնի մեծ շանը, այնպիսի մի սրտաշարժ կերպարանքով․ կարծես նա առաջին անգամ հանդիպում էր հին բարեկամին, մտերիմ ընկերոջը, երկար տարիների անջատումից հետո։ Նա պատրաստվում էր գրկվել սիրելի անասունի հետ, համբուրել նրան, բայց նրա իղձը անկատար մնաց, որովհետև այդ ժամանակ սև

  1. Նույն սովորությունը կա և պարսից մեջ. միայն թագավորը և թագավորազնները իրավունք ունեն իրանց ձիաների պոչը, և բաշը ներկել վարդի գույնով։