տեղավորվել էին մատուռից փոքր-ինչ հեռու, դարևոր ընկուզենիների հովանիների ներքո տարածված գորգերի վրա։ Կանանց ջերմեռանդությունը այդ դեպքում գերակշռում էր իրանց ամուսինների կրոնական զգացմունքին։ Իշխանական տան կնիկները, դեռ արևը չծագած, եկել էին ոտքով, իսկ նրանց ամուսինները եկան հետո, սիգապանծ նժույգների վրա նստած։ Ավելի հասարակ արարածների կնիկները եկել էին բոբիկ ոտներով։
– Մեծ պարոնը եկավ,– ասաց այն օրվա տոնախմբությունը կառավարող աբեղան իր եկեղեցական դասին,– գնանք ընդունելու։
Ը
Բլուրը, որի վրա գտնվում էր մատուռը, ծածկված էր ուխտավորների խուռն բազմությունով։ Ամբողջ Մցխեթը այնտեղ էր։ Ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չկար։ Մատուռի կործանված, քայքայված փլատակների վրա վառվում էին հազարավոր մոմեր, որ նվիրված էին ջերմեռանդ ձեռքերով։ Օդը լցված էր ծխվող խունկի սրբազան անուշահոտությամբ։
Բայց ուխտավորների մեծամասնությանը այնքան չէր հետաքրքրում մատուռի սրբավայրը, որքան այն մրցությունները, որ պիտի կատարվեին այսօր: Նրանք իրանց կրոնական պարտքը կատարած էին համարում, մոմեր էին վառել, խունկ էին ծխել, ոմանք մատաղներ էին մորթել, իսկ այժմ կամենում էին զվարճանալ։
Մեծ պարոնի գերդաստանը, իր ուխտը կատարած լինելով, առանձնացել էր մատուռից փոքր-ինչ հեռու, դարևոր ընկուզենիների հովանիների ներքո։ Այստեղ նորաբույս խոտերի վրա տարածված էին պարսկական նախշուն գորգեր և նրանց վրա շարված էին փափուկ մութաքաներ, պատած մետաքսյա գույնզգույն կերպասներով։ Մեծ պարոնի տիրուհին, վրաց «մեծ մայրը», ծալապատիկ նստած էր Արչիլ թավադի որդու տիկնոջ՝ Մելանիայի հանդեպ, և նարդու խաղատախտակը իրանց մեջտեղը գրած, նարդի էին խաղում։ Նա վրայից հագած ուներ վարդագույն մախմուրից քաթիբա, որի եզերքը զարդարած էին ոսկեթել ջհակներով, իսկ տակից հագած ուներ մանիշակագույն մետաքսից դերիա։ Մեջքի ոսկե քամարը և գլխի պաճուճանքները շողշողում էին պես-պես