Ծերունի հրեան սարսափեց։
– Եսթեր, ի սեր աստծո,– գոչեց նա ողբալի ձայնով,– ես աղբ կուտեմ, գլուխս քարին կտամ, ես քեզ էլ չեմ ծեծի, ինչ որ ուզես կառնեմ, միշտ յուղ, մեղր, փլավ կուտացնեմ...
Եսթերը այս խոսքերից ուրախացավ և մի գրավիչ ժպիտով, որի մեջ արտահայտվում էր և՛ ակնածություն, և՛ շնորհակալություն, մոտեցավ իշխանին, և բռնելով նրա աջը, սեղմեց իր վարդագույն շրթունքի վրա։ Կնոջ վարմունքը ամենևին օտարոտի չթվեցավ նրա ամուսնին, որովհետև այս կողմերում սովորություն էր կնիկներին ի նշան հարգանքի համբուրել տղամարդերի ձեռքը։
Հարունը ճշմարիտ էր ասում, որ ինքը ակամա ամուսնացավ։ Փողի սերը բոլորովին կուլ էր տվել նրա սիրտը, կնոջ համար ոչինչ չէր մնացել։ Վաթսունևհինգ տարեկան հասակում Նա ամուսնացավ տասնևվեց տարեկան Եսթերի հետ։ Կինը այժմ քսանմեկ տարեկան էր, իսկ ինքը բոլորովին ծերացած։ Խանդոտ ծերունին պահում էր Եսթերին իր այրի քրոջ պահպանության ներքո, որը սատանայի նման հսկում էր նրա վրա։ Այս գիշեր մի դիպվածով նա տանը չէր, գնացել էր իր աղջկա մոտ։ Եթե տանը լիներ, Եսթերը նրա մասին էլ շատ գանգատներ կաներ իշխանին։ Այդ պառավը նրա հոգին առնում էր, չէր թողնում ջահիլ տղերքի հետ խոսի, չէր թողնում մենակ տնից դուրս գնա... Եսթերը շատ անբախտ էր, Եսթերը մի լավ օր չէր տեսնում... Հուդիթների այդ գեղեցիկ, մանկահասակ քույրիկը այրվում, տանջվում, խորովվում էր երկու պառավների ճանկերի մեջ... և նրա սրտի բոլոր տանջանքները կարելի էր նկատել նրա վշտացած, գունաթափ դեմքի վա։
Գիշերից բավական անցել էր։ Այժմ Հարունին անհանգստացնում էր ոչ թե կնոջ անզգամությունը, այլ գլխավորապես այն միտքը, թե ի՞նչ պետք էր անել անտանելի հյուրի հետ։ Պահել նրան իր տանը չէր կարող, իսկ այն ուշ, գիշերային պահուն դռները բաց անել նրա առջև, այդ ոչ միայն անկարելի էր, այլ իր երկրի հյուրասիրական սովորություններին բոլորովին հակառակ։ Բայց ինչո՞վ հյուրասիրել նրան։ Չնայելով որ այն օր ուրբաթ է, չնայելով որ ուրբաթ օրը ամեն մի հրեայի տնում նախապես պատրաստվում են շաբաթվա բոլոր կերակուրները, իսկ իր տնում ոչինչ պատրաստություն չկար։ Ուրեմն, պահելով հյուրին իր տանը, նա պիտի արդարացներ Եսթերի գանգատը, թե հրեաների մեջ ամենահարուստ ամուսինը իր կնոջը քաղցած էր պահում։