Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դ

Մինչև հրեան կպատրաստե կնիքները, ես կպատմեմ մի անցք, որ պատահեց մոտավորապես տասնևհինգ տարի առաջ։

Սեֆեվիների ժամանակ, երբ ավղանները արևելքից օրըստօրե զորանում էին, երբ պարսից հարավային երկրների մի մասը անցավ օսմանցիների ձեռքը,– այդ ժամանակ Պարսկաստանի արևմտյան մասում, մանավանդ Ատրպատականում, շահերի իշխանությունը բոլորովին թուլացավ։ Խաներից շատերը ապստամբվեցան և կազմեցին զանազան մանր, անկախ իշխանություններ։ Այդ խաներից մեկն էր Փայտակարանի (այժմյան Ղարադաղի) Բարգյուշադ գավառի Ֆաթալի խանը։ Նա մի ազնվական էր աննշան տոհմից, որ իր ամբողջ կյանքում պարապել էր ավազակությամբ և ասպատակություններով։ Նվաճելով Բարգյուշադի բոլոր թուրք բեկերին, Ֆաթալի խանը ոչ միայն այդ գավառի բռնապետը դարձավ, այլ մտածում էր տիրել ամբողջ Ղափանին։ Եվ այն գազանը, որ առաջ իր փոքրիկ խումբով մեծ ճանապարհների վրա միայն քարավաններ էր կողոպտում, այժմ սկսեց ահագին խումբեր կազմել և ամայի դարձնել հարևան երկրները։

Ամառնային ամիսներից մեկն էր։

Ֆաթալի խանը, թողնելով Ղափանի ջերմ տափարակները, իր Չալաբիան կոչված խաշնարած ցեղի հետ անցել էր Փայտակարանի հովասուն և անտառապատ լեռների վրա ամառը անցկացնելու համար։

Գիշեր էր։ Հովիվների բոլոր վրանները պատած էին թանձր խավարով. միայն խանի կանանոցը կազմող չադրների մեջ վառվում էին մի քանի գունավոր լապտերներ։ Այդ չաղրներից զգույշ և հուշիկ քայլերով դուրս եկան երկու հոգի, որ փաթաթված էին լայն վերարկուների մեջ։ Մեկը գնում էր առաջ, իսկ մյուսը հետևում էր նրան։ Մի փոքր հեռանալով կանանոցից, նրանք անհետացան գիշերային մթության մեջ։