Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սերը, որը ես գնահատել չկարողացա, որը ես ոտքի տակ տվեցի։ Ես միայն քեզանից ներումն եմ խնդրում։ Դու պետք է ներես ինձ, Խորեն, որպես մի կնոջ, որին մի ժամանակ սիրել ես։ Դու պետք է ներես ինձ, որպես աշակերտ մեր տեր Հիսուս Քրիստոսի, որ ներում էր աշխարհից արհամարհված անպատիվ կնիկներին, որոնք նրա ոտները թրջում էին իրանց արտասուքով և սրբում էին իրանց գլխի մազերով։ Ես նրանցից մեկն եմ։ Ների՛ր ինձ։ Եթե ես կորցրել եմ քեզ մոտ ամեն ինչ, որով կարող էի գրավել քո ուշադրությունը, գոնե այդ երեխայի համար, որ մեր երկուսի սիրո պտուղն է.– ներիր ինձ։

Մինչ թշվառ կինը թափում էր աբեղայի առջև իր սրտի դառն ցավերը, նա գտնվում էր մի տեսակ տենդային խռովության մեջ, որ նրան մոռանալ էր տվել սիրած կնոջ ներկան և հիշեցնում էր միայն բախտավոր անցյալը։ Նա, կարծես, դարձյալ զգում էր նույն անմեղ և անարատ աղջկա հպավորությունը, զգում էր նրա ջերմ շնչառության հրեշտակային սոսափյունը, որ մի ժամանակ լցնում էր իր հոգին անհուն բերկրությամբ։ Կարծես լսում էր բաբախման ձայնը նույն կուսական սրտի, որի մեջ իր սերը մի ժամանակ այնքան ընդարձակ տեղ ուներ բռնած։ Նա, նստեցնելով իր մոտ չոքած կնոջը, և նրա դողդոջուն ձեռքը առնելով իր բռան մեջ, ասաց խորին զգացմունքով․

– Իզուր ես կարծում, Սառա, որ դու այնքան հանցավոր ես իմ առջև, որ հարկավոր լիներ քեզ ներողություն խնդրել։ Դու ոչնչով մեղավոր չես։ Եթե դու ընկար, մեղավորը ես եմ, որովհետև իմ մեջ չկար այնքան ուժ և սրտի զորություն, որ կարողանայի պահպանել քեզ անկումից։ Դու մի որբ, անփորձ աղջիկ էիր զուրկ հոր և մոր խնամակալությունից։ Ես, որ պիտի նեցուկ լինեի և պահպանեի քեզ անկումից, թողեցի քեզ բախտի կամքին։ Ես, որ պիտի առաջնորդեի քեզ կյանքի ուղիղ ճանապարհի վրա․ անհոգ գտնվեցա և իմ անհոգությունով թույլ տվեցի քեզ ընկնել մոլորությունների մեջ։ Քո գեղեցկությունը բավական ազդու գրավական էր քո բոլոր մոլորությունների, իսկ ես այնքան անշնորհք գտնվեցա, որ չկարողացա նախատեսել այդ։ Ես զգացի իմ սխալը այն ժամանակ, երբ արդեն ուշ էր, երբ դու այլևս ինձ չէիր պատկանում... Բայց ինչո՞ւ եմ սխալմունք կոչում, դա մի անիրավություն էր իմ կողմից, մի աններելի հանցանք էր, որը ես քավելու համար մտա վանքը։ Կարծում էի այնտեղ սրտի խաղաղություն և հոգու անդորրություն կգտնեմ։ Կարծում էի այնտեղ երկնքի սերը