էին իրանց ձեռքի տակ գլխավոր ուժր, որ բաղկացած էր երկու հազար հետևակներից և երեք հարյուր ձիավորներից։
Մինչև բերդը հասնելը, զանազան կետերի վրա, թուրքերը ամրացրել էին մի քանի դիրքեր, որ թույլ չտան թշնամուն մոտենալ և պաշարել բերդը։
Այդ դիրքերից մեկը գտնվում էր դեպի բերդը տանող նեղ ճանապարհի վրա և բոլորից ամուրն էր։ Երկու լայնանիստ բլուրներ, երկու հսկայական սյուների նման, բռնել էին նեղ ճանապարհի աջ և ձախ կողմերը, թողնելով իրանց մեջտեղում մի նեղ և երկայն կիրճ։ Այդ կիրճից պետք է անցներ Բեկի զորքը, բերդին մոտենալու համար։
Բայինդուր իշխանը, առաջապահ խումբերից մեկի հրամանատարը, դիմում էր ուղիղ դեպի կիրճը։ Նրա հետ էր հալիձորցի Մելիք-Փարսադանը։ Երբ մոտեցան, նա դարձավ դեպի մելիքը, ասելով.
– Լսիր, մելիք, այսօր պարսից թագավորի «բաթման ղլիճը» այդ անպիտանների գլխին մի խաղ պիտի խաղա։
– Ի՞նչ խաղ,– հարցրեց մելիքը ժպտալով։
– Մի այնպիսի խաղ, որ իրանց կյանքում տեսած չլինեն,– պատասխանեց պարսից թագավորի «բաթման ղլիճը» իր սովորական եղանակով։– Անպիտանները վատ տեղ են բռնել, եթե այդ նեղ կիրճի մեջ մտնելու լինինք, մեզ կխեղդեն, իսկ եթե նրանց գտնված բարձրության վրա գնանք, վերևից մեզ լավ կքոթկեն։– Պետք է մի հնար գործ դնել, որ նրանք բլուրների գագաթից ցած իջնեին։ Ներքևում ավելի հեշտ կլիներ նրանց ջարդել։
– Ի՞նչ հնարքով կարելի է ցած բերել,– հարցրեց մելիքը։
– Ահա ինչ հնարքով․ դրանք հավի խելք ունեն, «քի՜շ» անես, կփախչեն, «ջու-ջու» անես, կմոտենան։ Հարկավոր է սկզբում մի թեթև հարձակում գործել. երբ նրանք կընդդիմանան, պետք է կամաց-կամաց խույս տալ և ապա փախուստ ձևացնել։ Այդ ժամանակ նրանք մեր ետևից ընկնելու համար կիջնեն իրանց բարձրություններից, և տափարակի վրա մենք նրանց «հոգվոցը» կկարդանք...
– Փորձենք...– ասաց մելիքը, և Բայինդուր իշխանի հետ իրանց ձեռքի տակ եղած խումբը երկու մաս բաժանելով, երկու կողմից սկսեցին դիմել դեպի կիրճի աջ և ձախ կողմերում գտնված բարձրությունները, որ ծածկված էին թուրք հրացանակիրներով։
Զուռնայի և դավուլի ձայնը տվեց հարձակման առաջին նշանը։ Չնայելով, որ հայ զինվորներին հրամայված էր ձևի համար