դրել վաղարշապատեցի Հարություն տանուտերը իր խումբով։ Որոտնա անտառներում բույն են դրել գանձակեցի Եղիազար աղան և Թաթեոս բեկը իրանց խումբերով։ Երասխ գետի ափերի վրա և Ջաբրայիլի անապատներում թափառում են Զաքարիա իշխանը և պատանի Մոսին իրանց խումբերով։ Ջաբրայիլի կամրջով այժմ անկարելի է անցկենալ։ Մեծ Գիորգին և փոքր Գիորգին գազանների նման դարան են մտած Զանգեզուրի այրերում։ Մի քանի օր առաջ նրան ք․ Կորիսից դեպի Նախիջևան տանող ճանապարհի վրա, կողոպտեցին մեր ուխտավորների քարավանը, որ բաղկացած էր ավելի քան 200 հոգուց։ Լոռերի Ավթանդիլ գնդապետի մարդիկը և երևանցի կաղ Օհանեսի մարդիկը այժմ թողել են Նախիջևանի, Դարալագյազի և Սևանա լճի կողմերը, անցել են Մոլղանջիկի խիտ անտառները։ Օքուզարաթի ճանապարհը բոլորովին փակված է։
– Այդ կատաղի ապստամբությունների, այդ գազանային շարժումների գլխավորն է մի մարդ, որին ես այլ անուն տալ չեմ կարող, բայց միայն կոչել անգութ հրեշ, որի մոտ տարտարոսի բոլոր ճիվաղներին կարելի է գառնուկներ համարել։– Ես Դավիթ Բեկի մասին եմ խոսում, իսկ նրա գործակիցը, Տաթևի Ներսես եպիսկոպոսը, Օմարի և Յաղիդի նման արյունարբու է, իսկ Հարուն-ալ-Ռաշիդի նման անողոքելի։ Դա իր մոլեռանդ հայրենասիրությամբ կամենում է սրով և արյունով մաքրել այն երկիրը, որ մի ժամանակ, իր կարծիքով, պատկանելիս է եղել իր ազգի նախնիքներին և ոչ մեզ։ Ուրեմն մեր դեմ են երկու սարսափելի ուժեր՝ ժողովրդի և կրոնի ներկայացուցիչները։ Այդ ուժերի դեմ պատերազմել շատ դժվարին է, երբ ամբոխը կուրորեն հպատակում է նրանց ձայնին։ Չխոստովանել թշնամու առավելությունը, այդ կնշանակե խաբել իրան, և խաբելով կորստյան մատնել։ Թշնամին անհամեմատ զորավոր է մեզանից։ Մեր զորքերը նրանց առջևից այնպես էին փախչում, որպես աշնան ցամաք տերևները կատաղի մրրիկի առջևից։ Այդ թնդանոթները, որ արձակում են մեզ վրա, մեզանից են խլել. մեր զենքը գործ են դնում մեր դեմ։– Իսկ այդ աներկյուղ, անձնանվեր և ճարպիկ զինվորներին կառավարում է, որպես ընդհանուր հրամանատար, մի հմուտ, փորձառու և հաստատամիտ մարդ, որպիսին է Մխիթար սպարապետը։
— Ես առանց կեղծելու, առանց չափազանցության հաղորդեցի ձեզ այն բոլոր տեղեկությունները, ինչ որ մեծ աշխատությամբ