գրից տեղյակ մարդ էր, փոքր հասակից վարդապետների մոտ սպասավորություն էր արել. Իսկ որքան ճիշտ էր նրա ասածը, հասկանալի է, միայն այսքանը ճշմարիտ էր, որ Ներսես սրբազանը շատ փոքր էր քնում, երբեմն անցնում էին օրեր, որ ամենևին չէր քնում։ Նրա մի այսպիսի խստակեցությունը առիթ տվեց ժողովրդի մեջ իր վերաբերությամբ զանազան լեգենդաների ստեղծվելուն։
Բարձրահասակ մարդը դանդաղ քայլերով անցավ բանակի միջից, մոտեցավ մի առանձնացած վրանի, որ լուսավորված էր փոքրիկ լապտերով։ Այստեղ պառկած էին մի քանի հիվանդներ, որոնք նույն օրվա կռվի դաշտում վերք էին ստացել։ Մի քանի կնիկներ, հավաքված հայոց մերձակա օբաներից[1], խնամք էին տանում վիրավորներին։
Հայոց բանակները, ինչպես հիշեցինք, տեղավորված էին երեք կետերի վրա։ Այդ երեք կետերից, որպես երեք դռներից, բացվում էին երեք մուտքեր, որ տանում էին դեպի բերդը։ Բանակներից մեկը գտնվում էր Գեղվա գետի ձորամիջում․ այստեղ էին Բայինդուր իշխանը, Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը։ Երկրորդ բանակը գտնվում էր Հալիձորի գետի վերին կողմի վրա, այստեղ էր Մխիթար սպարապետը իր զորապետների հետ։ Իսկ երրորդ բանակը գտնվում էր Հալիձորի գետի ներքին կողմի վրա. այստեղ էր Դավիթ Բեկը իր զորապետների հետ։ Հալիձորի գետը և Գեղվա գետը, կտրելով միմյանց, կազմում էին մի եռանկյունի, որի մեջ դրած էր բերդը։ Իսկ երեք բանակների յուրաքանչյուրը զետեղված էր այդ եռանկյունին կազմող գծերի վրա, որոնք ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ խոր ընկած և անտառախիտ լեռներով պատսպարված ձորեր, որոնց միջով անցնում էին հիշյալ երկու գետերը։ Այսպիսով բերդից ելքը դեպի ամեն կողմ փակված էր։ Ասլամազ–Կուլի խանը իր ամրոցում պաշարված էր, որպես մի գազան իր որջի մեջ։ Որսորդները սովորաբար գազանների որջի մուտքի առջև մուխ են դնում, որ նրանք դուրս գան իրանց դարանից։ Այդ միջոցի փոխարեն ծառայում էր հայոց թնդանոթների ծուխը, որ ավելի թանձրացնում էր գիշերային մթությունը։
Դավիթ Բեկի վրանի վարագույրները իջեցրած էին։ Նա միայնակ էր իր վրանում, որպես մի օտարական հյուր, որ խնդրել էր
- ↑ Օբա նշանակում է խաշնարածների օթևան, չադրներում, լեռնային արոտաեզրերի վրա