հոտում էր գինու ու արաղի կծու արտաշնչությամբ, այս գիշեր այն տեսարանը չէր ներկայացնում, ինչ որ տեսանք այստեղ նախընթաց գիշերում։ Ոչ տեր Ավետիքը, ոչ Խորեն հայր սուրբը, ոչ Սաեփաննոս իշխանը և ոչ էլ Մելիք–Փարսադանի որդի Բալի զորավարը, դրանցից և ոչ մեկը չէր երևում։ Չէր երևում և տանտիկինը, որ նախընթաց գիշերը իր ձեռքով խորովածի շամփուրները ներս էր բերում և իր հյուրերին պատվում էր իր պահած ամենապատվական խմիչքներով։ Տան փոքրիկ երեխան անգամ տանը չէր, նրա ձայնը չէր լսվում։
Միայն աշտանակի վրա դրած խեցեղեն ճրագը, որ իր ձևով նմանում էր աղավնու, և որի կտուցի միջից դուրս թողած պատրույգը յուղի պակասության պատճառով աղոտ կերպով վառվում էր,– միայն այդ ճրագը ցույց էր տալիս փոքր ի շատե կյանքի նշույլ, բայց հայտնի չէր, թե ումն էր սպասում նա։
Վերջապես բակի դռան փականքը շարժվեցավ, փեղկերից մեկը կամաց բացվեցավ, մի մարդ լռությամբ ներս մտավ։ Նա զգուշությամբ կողպեց իր ետևից դուռը և դիմեց դեպի ներքնատունը։ Սենյակի դատարկությունը, երևի, վատ տպավորություն գործեց նրա վրա, որ կարելի էր իսկույն նկատել այն մռայլ տհաճությունից, որ սև ամպի նման անցավ նրա գեղեցիկ դեմքի վրա։ Նա մի կողմ ձգեց լայն վերարկուն, որի մեջ փաթաթված էր, և ճակատից բարձրացրեց ահագին մորթե գտակը, որ իջել էր մինչև աչքերը։ Նրա զենքերը բաղկանում էին մի զույգ ատրճանակից և ծանր խենջարից միայն, որոնք իսկույն հայտնվեցան, երբ նա վերարկուն մի կողմ ձգեց։
Նա աշտանակի վրայից առեց աղավնաձև ճրագը և շտապով դիմեց դեպի տանտիրուհու սենյակը։ Այստեղ նույնպես ոչ ոք չկար։ Տհաճությունը, որ սկզբում առաջ եկավ նրա մեջ անհամբերությունից, այժմ երկյուղի փոխվեցավ։ «Ի՞նչ եղավ, ո՞ւր մնաց, ի՞նչ պատահեց նրա հետ»,– այդ հարցերն էին կարդացվում նրա տխրամած դեմքի վրա։
Եղել են ժամանակներ, երիտասարդական ջերմ, սիրաբորբոք հասակում, որ այդ մարդը ժամերով սպասել է նրան, որին այժմ անհամբերությամբ կամենում էր տեսնել։– Սպասել է անտառի լռության մեջ, թավուտ ծմակներում, ժայռերի քարանձավներում։ Եվ նա, մի գյուղական դեռահաս աղջիկ, իր ծնողներից գաղտնի, շատ անգամ այցելել է նրան և իր կուսական անմեղ համբույրներով քաղցրացրել է նրա առանձնության րոպեները։ Բայց երբեք