– Ավելի քան հարյուր հոգի։
– Այդ բավական է։ Ուրեմն պետք չէ ժամանակ կորցնել. շուտով գնացեք, թող ձեզանից ամեն մեկը պատրաստե իր մարդիկը։
Ծերունի Սարգիս յուզբաշին մինչև այժմ լուռ էր. երբ նկատեց, որ քահանայի խոսքերը բավական ազդեցություն գործեցին ինքը նույնպես ավելացրեց․
– Այդ մարդիկը, տեր հայր, անձնվեր մարդիկ են, ես դրանց ճանաչում եմ, և՛ քաջ մարդիկ են։ Ինքս շատ անգամ ականատես եմ եղել դրանց քաջություններին։ Մինչև այսօր հայի ձեռքը կապված էր, այժմ, փառք աստուծո, կապանքը քանդվեցավ։ Պետք է մենք էլ ցույց տանք, որ մարդիկ ենք, անասուններ չենք, որ ամեն կերպ գործածեն մեզ։– Վեր կացեք, զավակներս, դարձավ նա դեպի նստողները,– գնացեք, ինչպես տեր հայրը ասում է, պատրաստվեցեք։ Մեր փրկությունը մեր քաջության մեջն է։ Աստված էլ չէ օգնում մարդուն, երբ նա ինքն իրան չէ աշխատում օգնել։ Գիտե՞ք այն առածը, թե կանգնած եզը ի՞նչ օյին է հանում քնած եզան գլխին․․․
Բոլորը կանգնեցան ոտքի վրա։
Ծերունին այժմ դարձավ դեպի տեր Ավետիքը․
– Դրանք կգնան, կպատրաստեն իրանց մարդիկը, բայց դուք, տեր հայր, առաջուց պետք է հայտնեք դրանց, թե ո՞րտեղ պիտի հավաքվեն և ե՞րբ պետք է հարձակում գործեն։
– Իհարկե, պետք է հայտնեմ,– խոսեց քահանան։– Ես իմ մարդիկների հետ կսպասեմ ձեզ ածխավաճառների հրապարակի այն անկյունում, որտեղից մի խուլ, նեղ փողոց տանում է դեպի խանի ամրոցը։ Դուք ամեն կողմից փոքրիկ խմբիկներով, առանց աղմուկ հանելու, կհավաքվեք այնտեղ։ Իսկ հարձակումը կկատարենք ուղիղ այն ժամանակ, երբ խանի ամրոցից կհայտնվեն հրդեհի բոցերը, և երբ մի ֆշանք կբարձրանա օդի մեջ։ Այդ երկուսը՝ ֆշանքը և հրդեհի բոցերը կհայտնվեն միևնույն րոպեում։ Այդ երևույթը պետք է ընտրեք ձեզ որպես առաջնորդ․ չմոռանաք։
Ծերունին վեր կացավ բաց անելու սենյակի դռները, որտեղ նրանք նստած էին։ Տեր Ավետիքը կրկին դարձավ դեպի իր աջակիցները այս խոսքերով․
– Ես ձեզանից, զավակներս, ոչ խոսք, ոչ երդում և ոչ մի այլ ուխտ չեմ պահանջում, որովհետև, հավատացած եմ, որ ձեր ընտանիքի և պատվի պաշտպանությունը պահանջում է կատարել այն, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Հիմա գնացեք, զավակներս, տեր ընդ ձեզ։