Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻԹ

Արծվանիկ ավանի արևելյան կողմում բարձրանում է մի անտառապատ սար, որը պարսպի ձևով տարածվում է հյուսիսից դեպի հարավ։ Այդ սարի կուրծքին կպած է գեղեցկադիր ավանը, իսկ սարի վրա, հովանավորված ահագին կաղնի ծառերով, կանգնած է «Կարմիր վանքը», որ կառուցվել է նույն լեռան կարմրագույն քարերից, սուրբ Նախավկայի անունով։ Այդ հոյակապ վանքը չորրորդ դարու վերջում հիմնեց Երիցակ անունով ճգնավորը, դրա համար էլ կոչվում է Երիցակա վանք։

Երիցակը կազմեց այդ վանքում մշտալուռ կրոնավորների մի միաբանություն, որոնք միայն աստուծո և նրա սուրբերի հետ էին խոսում, և իր ճգնավորական օրինակով ավելի քաջալերեց աբեղաների խստակեցությունը։ Երբ Սյունյաց Սահակիա տիկինը հայոց Մուշե հայրապետին նստացրեց իր ոսկիապատ կառքի մեջ, որ լծած էր սպիտակ ջորիներով, և փառավոր հանդեսով ուղարկեց նրան Երիցակին հրավիրելու, որ նա ընդունե Սյունյաց կաթողիկոսության աթոռը, այդ ժամանակ Երիցակը պարանով կախվեցավ վանքի պարսպից և կամենում էր փախչել։

Մինչև այսօր ժողովրդի մեջ դեռ մնացել է վաղեմի ավանդությունը այն մասին, թե երբ Մուշե հայրապետը աշխատում էր համոզել Երիցակին, որ նա ընդունե կաթողիկոսական աթոռը, սուրբ ճգնավորը համեստությամբ հրաժարվում էր, ասելով, թե ինքը արժանավորություն չունի այդ բարձր կոչմանը։ Այդ միջոցին նրա խցի դռան մոտ իջան մի խումբ աղավնիներ, և նրանցից մեկը թռչելով նստեց սուրբ ճգնավորի ուսի վրա, և մարդկային բարբառով ասաց․ «Արժան է, արժան է»։

Խոսում են և այն, թե երբ սուրբ ճգնավորը մի անգամ որպես ուխտավոր գնացած էր Երուսաղեմի հայոց վանքը, հանկարծ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնի ճրագալույցի երեկոյին մտաբերեց իր հեռավոր վանքը, որ գտնվում էր Սյունյաց աշխարհում, մտաբերեց իր միաբանակից եղբայրներին և ցանկացավ նրանց հետ միասին կատարել ծննդյան տոնը։ Երբ այդ ցանկությամբ սուրբ