լուսամուտի պատուհանից։ Ես քար ձգելու մեջ սխալ չեմ անում․ Ապակին կկոտրվի և տիկնոջ ուշադրությունը կդարձնե նամակի վրա։ Ես իմանում եմ, տիկնոջ սենյակի լուսամուտները դեպի որ կողմն են բացվում։
– Հետո դու պիտի սպասես պատասխանի։
– Կսպասեմ, եթե պատասխանը հարկավոր է։
– Հարկավոր է։ Բայց ի՞նչ միջոցով կստանաս։
– Եթե նամակը ներքինապետի ձեռքով ուղարկեցի, ինքը ներքինապետը պատասխանը կբերե, իսկ եթե լուսամատից ներս ձգեցի, շատ հասկանալի է, որ նույն լուսամուտից պատասխան կստանամ։
– Բայց կարող են հանգամանքները փոխված լինել, այն ժամանակ մեր այդ նախամտածությունները բանի պետք չեն գա։
– Ես հանգամանքների համեմատ նոր հնարներ կմտածեմ նամակը տեղ հասցնելու համար։
– Դու ինչ կերպարանքով կմոտենաս ամառանոցին, որ քեզ չճանաչեն։
– Մուրացկանի կերպարանքով, մուրացկանին ամեն տեղ։
– Ուրեմն դու ստիպված կլինես ոտքով գնալ, որովհետև մութողնում են։
Մուրացկանը ձի չէ նստում. իսկ ոտքով մինչև առավոտ ամառանոցը հասնել չես կարող։
– Ես ձիով կգնամ, գիշերային խավարի մեջ ձիու վրա նստած մուրացկանը շատ աչքի չի ընկնի։ Իսկ երբ լուսացավ, ձին պահ կտամ իմ ուղեկցին, որը անտառում կսպասե ինձ։
– Ուրեմն դու մի ուրիշին ևս պիտի վեր առնես քեզ հետ։– Ո՞ւմին կտանես։
– Ումին որ դուք կհրամայեք։
Իշխանը փոքր–ինչ մտածելուց հետո ասաց․
– Լավ է, որ Աղասիին վեր առնես։
– Ես էլ այսպես եմ մտածում։
– Իսկ պատասխանը ո՞րտեղ կբերես ինձ։
– Որտեղ որ դուք կլինեք։
– Ուրեմն իսկույն ճանապարհ ընկեք, դու և Աղասին։
Խորամանկ Ջումշուդը առեց նամակը, գլուխ տվեց և հեռացավ։ Սպասավորները ոչ մի ծառայության մեջ այնքան արի, այնքան ճարպիկ չեն լինում, որքան իրանց տիրոջ սիրային ինտրիգաների մեջ․․․