մարդիկը կարողանային նրա մազին դիպչել․․․– պատասխանեց կեղծ մուրացկանը և մոտեցավ նրան։
– Օհո՜, հաց էլ ես բերել, մեռած, դու ի՞նչ էիր իմանում, որ ես քաղցած եմ,– հարցրեց առաջինը։
– Լավաշների մեջ պանիր էլ կա, Աղասի, սպասիր, իսկույն կբաց անեմ։
Նա սկսեց բաց անել լավաշների փաթոթը, բայց փոխանակ պանիրի նրանց մեջ հայտնվեցավ մի նամակ։
– Ղոչա՛ղ տղա ես, ղոչաղ.— գոչեց Աղասին ուրախությունից թռչկոտելով, երբ տեսավ նամակը։ – Այդ լավաշները մենք կուտենք, իսկ նամակը կհասցնենք իշխանին, որ նա էլ իր սիրտը հովացնե...
Ջումշուդը այդ միջոցին սկսեց մերկանալ իր մուրացկանի ցնցոտիները և հագնել իր հագուստը, որ ընկերի մոտ պահված էր։ Նա կապեց նաև իր զենքերը, և թռչելով ձիու վրա, ասաց Աղասուն.
– Մենք ուշանում ենք։ Խանը վաղուց արդեն իր ձիավորներով գնացել է։
Աղասին էլ հեծավ իր ձին։
– Բա՛ դու ինձ չե՞ս պատմելու, թե ի՛նչպես գնացիր, ի՛նչպես եկար, ո՞վ տվեց քեզ այդ նամակը։
Շատ մի խոսիր, ճանապարհին կպատմեմ։
Երկու երիտասարդ ձիավորները փութացին դեպի կռվի տեղը, որ շատ հեռու չէր Արծվանիկից։
ԼԳ
Արեգակը այժմ թափում էր իր լույսը և ջերմությունը լեռնային աշխարհում։ Բնությունը ժպտում էր գեղածիծաղ պայծառությամբ։ Գիշերային խավարի մեջ մրափած անտառը, զարթնելով իր հսկայական քնից, այժմ օրորվում էր, ծփում էր կանաչազարդ ծովի նման։ Ծառերը, ծաղիկները, շարժվելով մեղմ զեփյուռի հրապուրանքից, կարծես գրկվում էին, համբուրվում էին, ողջունում էին միմյանց առավոտը։
Օրվա այդ խորհրդավոր ժամուն սքանչելի բնության հետ զարթնում է և մարդկային կյանքը։ Հովիվը իր հոտերը քշում է դեպի լեռների զառիվերը. մշակը դաշտում կամ հերկում է, կամ