Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշանավոր անձինք առաջարկել են յուրյանց որդիքը այնտեղ ուղարկել ուսում առնելու համար։ Բայց տեղային հայոց առաջնորդը այնքան նեղսիրտ է գտնվել, որ չէ կամեցել մահմեդական երեխան ընդունել քրիստոնյայի դպրոցի մեջ։ Մոլեռանդությունն ինքնըստինքյան հասկանալի է... Թողնենք այդ։ Այս տարվա հարցաքննությանց ժամանակ կրկին անգամ զարթեցավ նույն հարցը։ Պարսկերենի քննության օրը հրավիրված էր Նաիբուլ-վուզարան, այսինքն` արտաքին գործոց վեզիրի փոխանորդը[1]։ Նա ուղարկեց յուր կողմից գեներալ Ղուլի-խանին, բայց ինքը Նաիբուլ-վուզարան, անձամբ եկավ ֆրանսերենի քննության օրը։ Նա որպես ֆրանսիագետ և եվրոպական ուսմունք ունեցող ոմն, բոլորովին հիացած մնաց աշակերտների առաջադիմության մասին և ընծայեց դպրոցին հարյուր թուման փող։ Բայց նորին պայծառափայլության ավելի մեծ ընծան այն էր, որ խոստացավ յուր որդին ուղարկել այնտեղ ուսանելու համար, և հայտնեց, թե պարսից մեծամեծներից շատերը պատրաստ են հետևել յուր օրինակին, որովհետև իրանք օրինավոր վարժապետներ չունեն։ Բացի դրանից, Նաիբուլ-վուզարան բարեհաճեցավ` թե դպրոցի դրությունը և նրա Պարսկաստանի ժողովրդի համար բերած օգուտները կհայտնե արտաքին գործոց վեզիրին և նա յուր կողմից կներկայացնե շահի բարձրագույն ուշադրությանը։

Քննությունից հետո Նաիբուլ-վուզարան մտավ հայոց ընթերցարանը, որ նույն շինվածքի մեջն է գտնվում, ուր դպրոցն է։ Պարսկաստանի մեջ առաջին անգամ նա տեսավ, սեղանի վերա դրած, մինչև տասն և հինգ զանազան օրինակներ` հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն և պարսկերեն լրագրներ և ամսագրեր։ Այս տեսարանը մինչև այն աստիճանը գրավեց Նորին պայծառափայլությանը, որ խոստացավ 40-պարսկերեն գրքեր ընծայել ընթերցարանին, որովհետև պարսկերեն գրքերի թիվը փոքր էր։

Նորին պայծառափայլություն Նաիբուլ-վուզարայի այս համակրությունը` թե՛ դեպի դպրոցը և թե՛ դեպի ընթերցարանը ամենայն շնորհակալության արժանի է։ Իսկ ինչ որ վերաբերում է այն մտքին, այսինքն` հայոց դպրոցի մեջ ընդունել և պարսիկ երեխաներ, այդ մասին մենք կխոսենք առանձին նամակով. առայժմ այսքանը

  1. Դավրեժի այժմյան Նաիրուլ-վուգարան, մի ժամանակ Թիֆլիսի մեջ պարսից կողմից գեներալ կոնսուլ Ափ-խանն է, որ հայտնի է հայ հասարակության մեծ մասին, որպես եվրոպակիրթ և ուսումնասեր ոմն։