Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառավարությունը կարգ-կանոնի մեջ կդրվի, երկրորդ վիճակային «հոգևոր արդյունքը» առաջնորդի քսակից դուրս կորզելով, ավելի ազգօգուտ հիմնարկությանց վերա գործ կածվի։

Եվ որովհետև բոլոր մեր այս խորհրդածությունները առաջ եկան Դավրեժու ազգային դպրոցի նյութապես ապահովված չլինելու հարցից, այժմ հարկավոր ենք համարում կրկին վերադառնալ դեպի նույն հարցը։

Վիճակային բոլոր «հոգևոր արդյունքը» հավաքվեցավ կենտրոնական սնդուկի մեջ, առաջնորդի ռոճիկը տվինք, ատենական ծախսերն արինք, այժմ սնդուկի մեջ մնում է ավելացած փող[1]։ Ի՞նչ անենք այդ փողը։— Այդ փողով ահա Դավրեժի ազգային ուսումնարանը բոլորովին կապահովենք, և նորա ուսումնական շրջանը ավելի կընդարձակենք։

Այստեղ առաջ է գալիս մի նոր խնդիր, թե ինչո՞ւ միայն Դավրեժի ազգ. ուսումնարանը պետք է շահվի կենտրոնական սնդուկից, իսկ մյուսները զուրկ մնան։

Մյուսները զուրկ չեն մնա, նորանք նույնպես կշահվեն, բայց ուրիշ կերպով։ Դավրեժո ազգային դպրոցը, որպես ամբողջ Ատրպատականի կրթության կենտրոնական աղբյուր, հանձն կառնե զանազան գավառներից ընդունել յուր մեջ աշակերտներ, նորանք կապահովվին ուսումնարանի ծախսով և յուրյանց կրթությունը ստանալուց հետո, կվերադառնան յուրյանց հայրենիքը, այնտեղ կլինեն վարժապետներ կամ քահանաներ։ Այսպիսով գյուղական ուսումնարաններն ազատված կլինեն հիմար տիրացուներից, և գյուղական եկեղեցիներն ազատված կլինեն տգետ քահանաներից։

Բայց բացի կենտրոնական սնդուկից ես մոռացա հիշել արդյունքի մի ուրիշ աղբյուր ևս, որից Դավրեժի ազգային դպրոցը նույնպես կարող է շահվիլ: Ես, վերևում խոսելով վիճակային այլևայլ հոգևոր տուրքերի մասին, ասացի թե ժողովրդից հավաքվում է մի առանձին տուրք ևս, որ կոչվում է «աթոռահարկ», թե դա մտնում է Էջմիածնա գանձարանը: Թողյալ այդ, Ատրպատականի երկու վանքերի, այսինքն` ս. ս. Թադեոս և Նախավկայի վանքերն ու եկամուտներն դարձյալ նույն գանձարանն են մտնում, էջմիածին են ուղարկվում...

  1. 1 Պարսկաստանի երկու վիճակների, այսինքն Ատրպատականի և Արաշիստանի հոգևոր արդյունքն այնպիսի մի գաղտնիք է, որ մինչև այսօր խորին կերպով պահված է եղել թեմական առաջնորդների մոտ. ուրեմն նորա վորքանության վերա ճիշտ դատել անկարելի է, քանի որ աչքի առջև չունինք որևիցե գրավոր ապացույց։