Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորից, որ համարյա ծածկում է իր ծախսերը, իսկ փեսայի հայրը ստանում է նվերներ ըստ մեծի մասին փողով իր դրացիներից, որ ընծայվում են հարսի անունով։ Դրանով նա ազատվում է հարսանիքի ծախսերից և այսպիսով մի զույգ պսակվում են հասարակության փողով, թեև փողը ստացվում է կողմնակի կերպով։

Կին լինելուց հետո աղջիկն իր ազատությունը բոլորովին կորցնում է։ Հոր տանը թեև նույնպես ճնշված էր, բայց դարձյալ ուրախ էր, որովհետև յուրայինների մոտ էր գտնվում։ Այժմ ընկել է նա մի անծանոթ շրջանի մեջ, ուր ամեն ինչ նրան օտար է։ Նույնիսկ փեսային նա նոր է տեսնում և տեսնում է միայն գիշերով։ Հոր տան ճնշումներն այստեղ ավելի բարդվում և բաղադրյալ են դառնում։ Այնտեղ նա իրավունք չուներ միայն օտարների հետ խոսելու, իսկ այստեղ չէ կարող ոչ ոքի հետ խոսել։ Իր փեսայի հետ նա խոսում է գաղտնի, երբ մի երրորդ անձն ներկա չէր, իսկ ընտանիքի մյուս անդամների հետ (բացի երեխաներից) խոսում է պոնտոմիմայով։ Հոր տանը նրա երեսը բաց էր, կարող էր ազատ նայել դեպի աստուծո աշխարհը, իսկ այստեղ նրա դեմքը ծածկված է թանձր կարմիր քողով, ոչ ոքի ցույց տալ չէ կարող, մինչև անգամ իր փեսային, եթե նրա մոտ մի օտար մարդ կար։ Կնոջ համար ասել` «երեսը բացված կին է», գյուղացու լեզվում միևնույն նշանակությունն ունի, որպես ասել` լիրբ է, անզգամ է։ Կնոջ այս «չխոսկանությունը»[1], այդ փորձությունը հին սովորությունների համեմատ շարունակվում էր յոթը տարի, երբ այդ շրջանն անցնում էր, հասակավոր կնիկները հավաքվում էին և հանդիսավոր կերպով նրա «քողը փոխում էին», այսինքն կարմիր քողի փոխարեն ձգում էին նրա երեսի վրա սպիտակը, և այն օրից նա արտոնություն էր ստանում երեսը կիսով չափով բաց անել, և ընտանիքի մի քանի անդամների հետ խոսել, բայց ոչ սկեսուրի և սկեսրարի հետ։ Այժմ հիշյալ պաշտոնական ձևերը շատ տեղերում չեն կատարվում, այլ երբ կինը մի քանի զավակների մայր է դառնում, երբ նա իր մանկությունը անց է կացնում, այն ժամանակ կարմիր քողի փոխարեն սպիտակն է կրում, բերանը փոքր առ փոքր բաց է լինում, և կարողանում է իր դեմքը, եթե ոչ օտարներին, գոնյա իր մերձավոր բարեկամներին ցույց տալ։ Կարճ ասած, կինը այն ժամանակ միայն հասարակության անդամ է դառնում (իր նեղ մտքով), երբ պառավում է։

  1. 1 Հունաստանում կար մի դպրոց, ուր աշակերտները մի որոշյալ ժամանակ պետք է միայն լուռ լսեին, խոսելու իրավունք չունեին: