Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձևը, որ այսօր նա հողագործ է, մյուս օրը վաճառական է դառնում, հետո արհեստավոր և այլն։ Եվ ամեն գործի մեջ նրան հետևում է կինը։ Դուք կտեսնեք մեր գյուղացիներից ոչ միայն հարուստ վաճառականներ և արհեստավորներ, այլ ծառայողներ, աստիճանավորներ, բժիշկներ, վարդապետներ և պրոֆեսորներ։ Մինչ հզոր պետությունները դժվարանում են պարտադիր ուսումը մտցնել իրանց գյուղացիների մեջ, մերոնք արդեն դպրոցներ ունեն, կամ մտածում են ունենալ։ Մի առաջնորդող, մի օրինակ բավական է, որ նա հասկանա կրթության օգուտը։ Բայց բոլորի վրա գործնական և շահի կետից է նայում։ Օրինակ, տեսնում է, որ դրացու որդին մի վաճառականի մոտ ծառա մտնելով, վերջը գործակատար դարձավ և հարստացավ, — ինքն էլ է աշխատում որդուն վաճառականի հանձնել։ Կամ մեկի որդին գավառական դպրոցում սովորելով, վերջը ծառայող դարձավ, ինքն էլ է նրա օրինակին հետևում։ Մեր գյուղացի կինը կամ աղջիկը, ամենևին չեք տեսնի, որ քաղաք գնալով, աղախին դառնային. որբ և բոլորովին անտեր աղջիկները բացառություն են. — գնում են քաղաք տղաները միայն, այն ևս ոչ թե տներում սպասավորություն անելու համար, այլ վաճառականի կամ արհեստավորի մոտ մտնելու համար։ Մեր գյուղացին բազմատեսակ ընդունակություններ ունի այդ նրա գլխավոր հատկանիշն է։ Դրանից են առաջ գալիս այն երևույթները, որ տնտեսությունը և կյանքի եղանակները չափազանց տարբերվում են միմյանցից։ Դա լավ նշան է։ Տեսնում ես գյուղեր, ուր ամբողջ բնակիչները պարապում են վաճառականությունով, թեև այդ գյուղը ոչ կենտրոն է և ոչ վաճառականության հարմարություն ունի։ Բայց ի՞նչպես եղավ։ Գյուղացիներից մեկը վաճառականության մեջ բախտ գտավ, և բոլորը հետևեցին նրա օրինակին։ Նրանք տարածվում են Ռուսաստանի և Եվրոպայի զանազան քաղաքներ, խոսում են զանազան լեզուներով, և երբեմն միայն վերադառնում են ցիլինդրներով և ոսկյա շղթաներով իրանց կարոտ մնացած ընտանիքը տեսնելու համար։ Շատ անգամ 5-6-10 տարի է տևում նրանց պանդխտությունը և ողորմելի կինը համբերում է առանց տղամարդի, միշտ անարատ պահելով իր ամուսնական հավատարմությունը։ Եվ նկատել եմ, կանայքը, որ դատապարտված են այդ վիճակին, ըստ մեծի մասին մեռնում են բարակացավով։ Ջոկերը կարող են այս դասակարգի օրինակ լինել։ Կան գյուղեր, ուր բնակիչների մեծ մասը հյուսն, ոսկերիչ, որմնադիր և ուրիշ արհեստավորներ են, որոնց պարապմունքն իրանց տեղում գործադրություն