Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանուր մարդկային կենցաղավարության պայմանների մեջ մեզ համար առանձին օրենքներ ստեղծել։ Չկա մի ազգ երկրագնդի վրա, որի մեջ չլինեին զանազան աղանդներ, դավանություններ, եկեղեցիներ, բայց բոլորը միևնույն ազգին են պատկանում։ Ամերիկայում մինչև անգամ մի ընտանիքի մեջ հայրը, մայրը, որդին, աղջիկը, — յուրաքանչյուրն առանձին եկեղեցիներում են աղոթք անում, բայց կրոնի տարբերությունը չէ վնասում նրանց ազգությանը։

Կրոնի երկպառակությունների խնդիրը մեջ գցել ուղիղ այն ժամանակ, երբ Տաճկաստանում պատրաստվում է հայերի համար մի ապագա — դա եղեռնագործությունից ավելի մեծ հանցանք է։ Մենք այսպիսիներին ստոր ենք դասում Հասուններից, Նիկոլներից, Վասակներից և Մերուժաններից։ Մենք հայտնում ենք մեր անկեղծ ցավը, որ վերջին ժամանակներում Կ. Պոլսի մեր հակահասունյան եղբայրներից մի խումբ, զանազան տխուր հանգամանքներից ստիպված, դիմեցին լուսավորչական եկեղեցու գիրկը։ Մենք ավելի կհարգեինք նրանց, եթե կաթոլիկ եկեղեցու մեջ մնալով, կշարունակեին քարոզել հայություն և ազգայնություն։ Մենք մի մեծ կորուստ ենք համարում, որ մեզ համակրողների մի խումբ դուրս եկավ հակառակ բանակից, որին խորամանկ Հռոմը թշնամական դիրքի մեջ է դրել իր համազգիների դեմ։ Թող ուրախանան կարճամիտները, բայց մենք ոչ ոքի ուրախությանը կցորդ չենք լինում։ Մի այսպիսի ուրախություն զգաց հայոց ազգն այն ժամանակ, երբ չորս նշանավոր եկեղեցականներ բաժանվեցան մխիթարյան միաբանությունից և վերադարձան լուսավորչական եկեղեցու գիրկը։ Մեծ եղավ վնասը, որովհետև, մխիթարյանների միաբանությունը, որ այնքան շատ գործել էր հայության համար, որ մի լավ թարգման էր մեր ազգի և Եվրոպայի մեջ — այն օրից, երբ այդ չորս արժանավոր անձինքը հեռացան — սկսեց հետզհետե թուլանալ և վերջապես դեպի հայոց ազգի շահերը անտարբեր լինել։ Վաստակեցինք չորս մարդիկ, բայց կորցրինք մի ամբողջ միաբանություն։

Եթե այսօր կամ էգուց կզարկե Տաճկաստանի հայոց վերածնության ժամը, եթե Հայաստանին կտրվի որևիցե ինքնավարություն, այդ բախտին պետք է վիճակակից լինեն Թուրքիայի բոլոր հայերն առանց կրոնի խտրության։ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի մեջ հայերին խոստացված բարիքները միայն լուսավորչականներին չեն պատկանում, այլ վերաբերում են և կաթոլիկ և բողոքական