Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն պարոնների, որոնք պնդում են, թե մեր այժմյան կենդանի լեզուն պետք է կազմվի հին գրաբարից, և թե միմիայն գրաբարից պետք է առնենք այն ամեն բառերը, որոնք հարկավորվում են մեր այժմյան գրականության մեջ:

Այդ կարծիքը խաբեական է, այն պատճառով, որ մի հին, գործածությունից ընկած լեզվի մեջ չեն կարող գտնվել այն բոլոր բառերը, որոնցմով կարելի լիներ արտահայտել մեր ժամանակակից գաղափարները:

Մի ազգի լեզուն աճում է և զարգանում է ներդաշնակաբար նույն ազգի կյանքի և մտավոր զարգացման հետ: Որքան ընդարձակվում է նրա գիտությունը և արհեստը, այնքան ավելի առարկաների հետ ծանոթանում է նա և այնքան ավելի անուններ ու բառեր է հնարում: Այդ է պատճառը, որ վայրենի ազգերը հազար անգամ ավելի քիչ բառեր ունեն, քան թե քաղաքակրթված ազգերը:

Մեր գրաբար լեզուն ժողովրդի բերանով մեզ հասած կենդանի լեզուն չէ, որ նա կարողանար աճել, մշակվել և կատարելագործվել նրա կյանքի պայմանների հետ: Մեր գրաբար լեզուն մի քանի տասնյակ դարերով առաջ մեռած լեզուն է, որ հասել է մեզ դրված հին մատենագրության դագաղների մեջ: Ուրեմն նա արտահայտություն է այն ժամանակվա դրության, որպես մտածում էր և գործում էր հայը:

Թողյալ այդ, նույն գրքերը, որոնց միջոցով հասել է մեզ գրաբար լեզուն, չեն պարունակում նկարագրեր իրանց ժամանակի կենսական բոլոր երևույթների: Մեր հին մատենագրությունը կազմված է պատմական և կրոնական գրքերից, որոնց պարունակությունն այնքան միակողմանի և համանման է, որ միևնույն բառերին հանդիպում ես ամեն տեղ: Նրանց մեջ պակաս են, օրինակ, բառեր տնտեսական և ընտանեկան կյանքի, նրանց մեջ շատ չկան գիտնական, արվեստագործական և հոգու զգացմունքներ արտահայտող բառեր, որովհետև այդ առարկաների մասին խոսվում է կամ խիստ սակավ, կամ ամենևին ոչ:

Բառերի մի փոքր ընդարձակ հավաքածու տալիս է մեզ Աստվածաշնչի թարգմանությունը, որովհետև նրա պարունակությունն ավելի բազմակողմանի է:

Իսկ ժողովրդական լեզվի մեջ մեծ մասամբ կարելի է գտնել այն բառերը, ինչ որ պակասում են մեր հին գրքերից հավաքած բառարաններում: Մտի՛ր գյուղացու խրճիթը, նրա տնտեսական բոլոր կահ-կարասիքը նրա լեզվում ջոկ-ջոկ անուններ ունեն: