Պոեմը գրելու ստույգ ժամանակը անհայտ է։ Առաջին անգամ պոեմի մասին հիշատակության ենք հանդիպում (ինչպես վերը տեսանք) Գ. Քանանյանին հասցեագրած Ռ. Պատկանյանի 1855 թ. նոյեմբերի 24-ի նամակում։ Այդ նամակի հետ բնաաստեղծն ընկերոջն ուղարկելով պոեմի մի հատվածը, խոսում է այն գրելու ընթացքում առաջացած որոշ դժվարությունների մասին. «...Վարդանը դեռևս կենդանի է. տակավին չեմ խնայում պարսից թրին դեմ անել, ուրեմն նրա թաղումը հեռու է արտաքո քու կարծյացը, որ այդ զռլամա բանաստեղծությունը ավարտած լինեմ, տես ինչ եմ ասում նրա համար. «Բայց ինչո՛ւ լացեց այդ արի մարդը...» (և այլն։ Բերված է պոեմի ամբողջ 8-րդ հատվածը, 26 տող)։ «Խնդրեմ մի՛ մեղադրիլ ինձ, որ ես այդպես դանդաղ եմ առաջ գնում, պետք է իմանաս, որ շատ արգելք ունեմ հորինելու ժամանակ, միանգամայն ագատ չեմ բանաստեղծի իրավամբ։ Հայոց պատմության չիմանալս խիստ կաշկանդում է ձեռներս. ավել դառը այն է, որ Եղիշե անգամ չունեմ, որ այն ցամաք պատմությունից կարողանայի ժամանակ առ «ժամանակ» հյութ քամելու...»։
Չնայած հիշված դժվարություններին, չի կարելի ասել, թե պոեմը գրելու գործը դանդաղ է առաջացել։ 1856 թվականի փետրվարի 15-ի (ՌՊֆ N 300), նույն թվականի մարտի 26-ի (ՌՊֆ N 364) և մի փոքր ավելի ուշ Քանանյանին հասցեագրած, (ՌՊֆ N 368) Ռ. Պատկանյանի նամակներից կարելի է եզրակացնել, որ 1856 թվականի առաջին կեսին պոեմը ավարտված էր[1]: Հիշյալ թվականի մարտի 26-ի նամակում ասված է. «...Խնդրում եմ Վարդանի սկիզբը ճարես և ուղարկես, որ դատաքննելու եմ նրան...»։ Այլ կերպ ասած՝ պոեմը ներկայացնելու էր գրաքննական կոմիտե տպագրության թույլտվություն ստանալու։ N 368 անթվակիր նամակում (հավանաբար գրված՝ 1856 թվականի վերջերին) բանաստեղծը Գ. Քանանյանին գրում է. «...Վարդանս այժմ դուրս եկավ ցենզուրայից և գրաշարի մոտ է. հույս առ աստված` 15 օրից հետո կբերեմ Մոսկով... Վարդանի համար գրեցի մի առաջաբանություն, ուր խոսվում է այն դարու հայերի վիճակին վրա. այդ, և՛ ինքը բանաստեղծությունը 21/2 թերթ դուրս կգան, երկու պատկերով, ինձ կնստի 80 մանեթ, ինչպես որ հաշվեցի...»։ Մեզ անհայտ պատճառով, պոեմը այդ ժամանակ չի տպագրվել։ «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմի մասին նորից հիշատակության ենք հանդիպում Ռ. Պատկանյանի՝ 1858 թ. օգոստոսի 7֊ին Ավետիք էնֆիաճյանին գրած նամակում (Գ. Լևոնյանի ֆ., N 27)։ «Գուցե Դուք լսած լինիք, որ ես ունեի մի քերթված՝ «Մահ քաջին Վարդանա» անունով, այդ ձեռագիրը, որ իմ ձեռքով գրած մեկ օրինակ էր` հինգ օր դորանից առաջ գրպանես ցած եմ ձգել և կորցրել եմ Պետերբուրգի մարդաշատ փողոցներումը։ Թեև ես հավաստի չգիտեմ, բայց կարծիքով մտքիս է գալիս թե ծանոթներիցս մինը պետք է ունենա նորա երկրորդ օրինակը, բայց ո՞վ՝ չգիտեմ միանգամայն: Եթե ձեզ հայտնի է ինչ այդ մասին՝ խնդրեմ տեղեկություն տաք...»։
- ↑ Գ. Խալաթյանը հիմք ընդունելով պոեմի առաջին տպագրությունը, այն զետեղել է 1861 թ. ստեղծագործությունների շարքը