ՄԱՐԻԱՄ
Հեքիաթ
(էջ 61)
Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ, N 1ա, թ. 20ա-26բ, N 72, թ. 13ա-17բ, N 137ա, թ, 1-7։ Վերջին ինքնագիրը ունի հետևյալ ընծայականը` «Նվեր բարեկամական օր. Մարիամ Ն. Ա. <Ակիմյան>։ Պահպանվել է նաև մեկ ընդօրինակություն` N 149, թ. 3-9։ «Մարիամի» մասին առաջին անգամ հիշատակության ենք հանդիպում 1884 թ. դեկտեմբերի 15-ի Փ. Վարդանյանին գրած Ռ. Պատկանյանի նամակում, ուր, ի դեպ, գրում է. «Պարոն Խոսրովյանը «Վարժարանի» խմբագիրը արդեն իմ խոսքը ունի. «Մարիամը» կառաջարկես նախ նորան, եթե նա չընդունե, առաջարկե Աբգարին, բայց պայմանով, որ փողը (30 մանեթ) անհապաղ հասցնե ինձ. Դա էլ որ չհոժարի՝ տար «Աղբյուրին»։ (ՌՊֆ, N 270, էջ 355-356)։ Նույնի մասին, ավելի ընդարձակ հիշատակություն է պարունակում Մարիամ Աքիմյանին գրած Ռ. Պատկանյանի 1892 թ. փետրվարի 3֊ի նամակը (ԳԱԹ, Քանանյանների ֆոնդ, N 17: Նամակում ասված է. «...Ուղարկում եմ Ձեզ մի հեքիաթ «Մարիամ» վերնագրով. եթե հավանեք` տվեք Ձեր պատվական մորը[1], որ տպվելու շարադրությանցս մեջ մուծանե։ Այդ հեքիաթը ես լսել եմ իմ երեխայության օրերում։ Դիտավորությունս էր արձակ ոճով գրելու, բայց գրչիս տակից հակամայից չափեր և հանգեր էին դուրս պրծնում, երևի սովորությունը երկրորդ բնություն է դարձած մեջս։ Երբ որ Գուլամիրյանը գա Մոսկվա, թույլ տվեք նորան արտագրելու յուր Արաքսի համար. ես նորան խոստացել եմ...»։ Առաջին անգամ տպագրվել է` «Լումա», 1901, N 1, էջ 3-13 (տպագրության է հանձնել Ե. Շահազիզը)։ Այնուհետև տպագրվել է` ՌՊԵ III, էջ 36-42։ Հեքիաթի գրության ստույգ թվականն անհայտ է, հավանաբար, գրված է 1884 թվականից ոչ ուշ։
|
- ↑ Վարվառե Քանանյանը, որի միջոցներով, 1893 թ. երկու հատորով հրատարակվեցին Ռ. Պատկանյանի «Ընտիր երկասիրությունները»։