Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՈՍԿԻ ՁԿՆԻԿ

(Էջ 292)

Թարգմանություն Պուշկինի «Сказка о рыбаке и рыбке» հեքիաթի: Պահպանվել է մեկ ինքնագիրը՝ ՌՊՖ, N 199, էջ 287-298։ Հեքիաթի թարգմանության մասին առաջին անգամ հիշատակվում է Գ. Չալխուշյանին գրած Ռ. Պատկանյանի 1884, 11 հունվարի թվակիր նամակում, որից բերում ենք համապատասխան հատվածը. «3-4 օր է, որ մի նոր գրվածքս պահում էի գրպանիս մեջ, որ նախ քեզ ցույց տամ և ապա ուղարկեմ տպելու. բայց քեզ չտեսա, դու կորել, անհետացել էիր: Այժմ այդ գրվածքը պր. Քիրիլյանի մոտ է. անունը է գրվածքիս Ոսկի ձուկ, քեզ շատ հայտնի առակը Փուշկինին։ Խնդրեմ առնուս, կարդաս, և քո անկեղծ կարծիքը հայտնես ինձ։ Բնագիրը քեզ ընծայել չեմ կարող (որովհետև մեկ հատ է), շատ լավ կանեիր, եթե պարզագրեիր քեզ համար, ով գիտե երբ կտպվի, և կամ կտպվի՞ արդյոք երբ և իցե։ Թարգմանած է, իհարկե, երեխայոց ընթերցանության համար։ Քու քննությունը մանկավարժական թող լինի, այդ հասկանալի՞, ըմբռնելի՞, հետաքրքրակա՞ն է արդյոք երեխայոց. հաջողա՞կ է, թե ուղղումներ է պահանջում»։ Պատկանյանի տարակուսանքը տպագրության վերաբերյալ անհիմն է եղել, նույն թվականին (1884) հեքիաթը տպագրվել է «Վարժարան» ամսագրում (10), ապա արտատպվել «Մասիս»֊ում (1884, N 3740)։ «Վարժարան»֊ի խմբագրի նախաձեռնությամբ «Ոսկե ձկնիկը» լույս է տեսնում նաև առանձին գրքույկով (1884)։ Ուշագրավ է «Վարժարան» ամսագրի խմբագիր Նիկողայոս Խոսրովյանի Պատկանյանին հասցեագրած 25 հոկտեմբերի 1884 թ. նամակի հետևյալ տողերը. «Ձեր ուղարկած «Ոսկի ձկնիկ» ձեռագիրը տպվեցավ «Վարժարանի» վերջին համարում։ Ի նկատի ունենալով, որ Ձեր ընտիր թարգմանությունը մեծ օգուտ կարող էր տալ հայ մանուկներին, ես հարմար դատեցի նույնը առանձին գրքույկով լույս ընծայել, որի 25 օրինակը ներկայումս ուղարկում եմ Ձեզ հանդերձ 25 ռուբլով, որ դուք նշանակել էիք» (ԳԱթ, ՌՊֆ, 789)։ Վերջում խմբագիրը պատրաստակամություն է հայտնում իր ամսագրում տպագրելու Պատկանյանի ինքնուրույն և թարգմանական այլ ստեղծագործություններ, եթե հեղինակը ցանկանա։ «Ոսկե ձկնիկի» հրատարակությանը անմիջապես արձագանքում է Ա. Մանդինյանը, Պատկանյանին հասցեագրած մի ընդարձակ նամակով (ՌՊֆ, N 860)։ Բարձր գնահատելով հեղինակի թարգմանությունը, Ս. Մանդինյանը անում է նաև որոշ դիտողություններ և որ կարևոր է` նա բանաստեղծի ուշադրությունն է հրավիրում «Սասունցի Դավիթ» էպոսի մշակման խնդրի վրա։ Վերջում, ընդգծելով Պատկանյանի գերմաներեն լավ իմացությունը, նա առաջարկսւմ է թարգմանել Շիլլերի և Ուլանդի ստեղծագործություններից։ «Ոսկե ձկնիկի» թարգմանության առթիվ բարեկամների քաջալերական խոսքերից ոգևորվելով, բանաստեղծը նույն՝ 1884 թվականին ձեռնարկում է Պուշկինի «Պոլտավայի» և Վիրգիլիոսի «էնեականի» թարգմանությանը (վերջինս գերմաներենից)։ Առաջինը, հեղինակի ասելով` կիսով չափ արդեն թարգմանված է եղել 1884 թվականի վերջերին (15 դեկտեմբերի), որը դժբախտաբար մեզ չի հասել (տես` ՌՊֆ, N 270, էջ 355-356): Պատկանյանը «Ոսկե ձկնիկի» իր թարգմանությունը համարում է առաջին թարգմանությունը։ Այդ ճիշտ է իբրև առաջին չափածո և ամբողջական թարգմանությունը այդ գործի։ Սակայն, հայտնի է, որ նախքան Պատկանյանի թարգմանությունը,