Որդյակ, ինչ որ հիմի տեսար` մըտքիդ պահե՛ հավիտյանմ
Եվ ինչ որ քեզ պատմելու եմ չի մոռանաս ցօր մահվան:
Լըսե՛ իմ որդի, լըսե՛, սիրական,
Սրտի դարդերը հորըդ չվառական,
Լըսե՛ դու ուշքով հորըդ զըրուցին
Ու մի՛ մոռանար մինչ շունչըդ վերջին։
Վառվում է սիրտըս բոցով գեհենին,
Արունըս եռում դամարիս միջին.
Հոգուս մեջ ոխը դադար չէ տալիս
Ինձ ոչ օր ցերեկ, ոչ ժամ քընելիս։
Ա՜խ, ես այս օրվան պիտի հասնեի,
Դուշմանիս մինչ վերջ հաղթող տեսնեի.
Ինչո՞ւ պակսեցավ ուժը իմ սըրտեն,
Որ սուր չառի ձեռս դուշմաններուս դեմ։
Զանց այսպես թըշվառ օրեր անցնելը
Բյուր պատիկ լավ չէ՞ր փառքով մեռնելը...
Ո՜հ, որդյա՛կ, որդյա՛կ, անիծիր դու մի՛
Ալևոր հորըդ օրերն ցավալի.
Բա՛վ է, որքան ես գըլուխս եմ լացել.
Արուն արցունքով մահիճս եմ թացել.
Մի՛ դու էլ նորից անիծիր ինձ, մի՛,
Արևուդ մատաղ, ազիզ իմ որդի.
Լըսե՛, իմ որդի, լըսե՛, սիրական,
Սըրտի դարդերը հորըդ չվառական...