տասնամյակի փայլուն երկն է, որտեղ հեղինակը ոչ միայն քննադատում է դարավոր նախապաշարումները, այլև տալիս է գավառական կյանքի սոցիալական հարաբերությունները՝ հին ու նոր մտայնության բախում և մարդկային մերթ նուրբ, ազնիվ հույզերի, մերթ բիրտ կրքերի նկարագիրներ։
Նույն այս միջավայրի, սոցիալական այս նույն պայմանների ու նախապաշարումների զոհ է դառնում «Ցավագարի» կամ փոխված անունով «Չար ոգու» հերոսուհին՝ Սոնան, Սուսանի դժբախտ քույրը։
Այս «խավարի թագավորությանը» զուգահեռ մեր վիպագիրը տալիս է Անդրկովկասի խոշոր քաղաքների կյանքը, ուր փողի պաշտամունքը, դիրք ու հարստություն ձեռք բերելու ձգտումը այլասերում է մարդկանց, խզում է բոլոր ազնիվ կապերը («Զուր հույսեր»), ուր փողի ուժով լլկում են անմեղ աղջիկներին («Խնամատար»), կամ ծեր մարդիկ փողով կնության են առնում դեռատի կանանց և դժբախտացնում («Մելանիա»), նկարագրում է այդ կյանքի շատ կողմերը և, վերջապես, առևտրականների, որոնք միանգամից, մեծ հարստություն ձեռք բերելու համար, «կոտր են ընկնում», այսինքն՝ իրենց հայտարարում են կեղծ սնանկ։
Շիրվանզադեն խոշոր գծերով, համոզիչ պատկերներով պարզում է մեզ, որ բուրժուական հասարակության հոգին ու հավատը փողն է, միակ աստվածը՝ փողը, որին երկրպագում են և, որը ձեռք բերելու համար կանգ չեն առնում անգամ ոճիրների առաջ։
Այս ամենը շատ բնորոշ պատկերներով ու բարձր արվեստով հանդես են գալիս հեղինակի ստեղծագործության առանձնապես երկրորդ տասնամյակի երկերում, ինչպիսիք են, «Քաոս»-ը, «Պատվի համար»֊ը և անավարտ «Վարդան Ահրումյան»-ը։ Սրանց մեջ երևում է, թե ինչպես է փողը այլասերում մարդկանց, անգամ երեխաներին։ Հիշենք Ալիմյանի փոքր որդի Արշակին և Բաղդասարի որդի Վարդանին։
Այս տեսակետից կատարելապես հաջող գործ է անավարտ մնացած «Վարդան Ահրումյան» վիպակը, ուր նուրբ վարպետությամբ նկարագրված է, թե ինչպես մանուկը դեռ կյանք չմտած, մեծերից վարակվելով, տարվում է հարստանալու մոլեգին տենչով, թե ինչպես իր փոքրիկ դրամարկղը ավելի է սիրում, քան գրքերը, քան որևէ բան, անգամ դպրոցում, դասամիջոցներին «ապրանք» է ծախում, որ հարստանա, որ իր արկղը լցնի փողով: Դրամի իշխանությունը այս փոքրիկ հոգու վրա՝ ահավոր է։ Մտածում եք, որ եթե այդ հասակում նա այդչափ ագահ սեր ունի դեպի փողը, ի՞նչ կլինի հասուն տարիքում: Հեղինակն այնքան վարպետորեն է տվել փողով հափշտակված մանկան հոգին, որ պարզ պատկերացնում եք նրա ապագան, զգում եք, որ նա լինելու է ոչ թե մի հասարակ Առուշանով, մի Սաղաթել կամ էլիզբարով, այլ մարդկանց միսը կտրող մի նոր Շայլոկ, մի նոր Սկրուջ։ Միաժամանակ մտածում եք, որ եթե մանուկը, պատանին հարստանալու ախտով վարակված է այսպես, հապա ի՞նչ կլինեն մեծերը, որ ոչ թե բնազդով, այլ գիտակցորեն են ձգտում հարստանալու, մեծերը, որ ավելի շատ հնարներ գիտեն փող