Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետ, կատարյալ մի համերգ է նրա համար։ Եվ Խաչովը, այդ համերգով հափշտակված, աչքերը, վառված, ընթանում է առաջ ծանր և հպարտ քայլերով։ Խաչովի հետևից կեղտոտ թաշկինակի մեջ փաթաթած հաց ու պանիրը կռնատակին դրած և մի կապ կիսակար չումուշկներ ուսովը ձգած, գալիս է կոշկակար Թամրազը։ Ահա Թամրազը հավասարվեց մանրավաճառին, քիչ հեռացավ հետ ու հետ, մի վայրկյան կանգնեց, երեսը դարձրեց նրան, ձեռները կրծքին դարսեց և «բարի լույս աղին» ասելով, գլուխ տվավ։ «Աստուծո բարին, ուստա»,— պատասխանեց մանրավաճառ Խաչովը, առանց նայելու «ուստայի» երեսին և առանց ընդհատելու յուր կոնցերտը:

Ամենքը իրանց գործին էին շտապում։ Իսկ մեր Հայրապետը, չնայելով որ առավոտները սովորաբար ամենից վաղ էր գնում խանութը, դեռ փողոցում չէր երևում։ Նա դեռ տանն էր։

Թևավոր չուխան ուսերին ձգած, սրածայր գդակը գլխին, նա անցուդարձ էր անում սենյակում, անդադար ներս ծծելով չիբուխից դառն ծխախոտի թունավոր ծուխը և կրկին ահագին քուլաներով դուրս թողնելով օդի մեջ։

Նրա գունասպառ դեմքը, կնճռված ճակատը, ծռմռված շրթունքները, դողդոջուն ձեռները, անհաստատ և անկանոն քայլվածքը, այս բոլորը, բոլորը հաստատում են, որ նա գտնվում է հոգեկան սաստիկ խռովության մեջ։ Ժամանակ-ժամանակ, երբ նա չիբուխը հանում է բերանից և ծուխը բաց թողնում, նրա ծռմռված շրթունքներով սահում է մի դառն կսկծալի ժպիտ։ Այդ վայրկյաններին ծերունու անորոշ հայացքը, կարծես անգիտակցաբար, ընկնում է Մարիամ բաջու վրա, որ նստած է սենյակի մի անկյունում։

Մարիամ բաջին չէր նայում յուր ամուսնուն։ Սովորականին հակառակ նրա գլուխը բաց էր և կարճլիկ մազերը անկանոն կերպով սփռված էին ուսերի վրա։ Գլուխը կարմիր թաշկինակով փաթաթած, նրա դեմուդեմ անկողնի մեջ պառկած էր Սեյրանը։ Նրա փակ աչքերից, սեղմված շրթունքներից երևում էր, որ քնած էր։ Մարիամ բաջին անդադար հառաչելով, ախ ու ուֆ քաշելով, շուտ-շուտ յուր ձեռը